«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Չընդունելով դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու հիմնավորումները՝ մեր խմբակցությունը չուներ եւ չունի մտադրություն առաջադրելու վարչապետի թեկնածու: Մենք հոգեհարազատ ենք մնում մեր որդեգրած քաղաքականությանը եւ չենք խոչընդոտում ՀՀ Կառավարության աշխատանքներին: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված բազմիցս արտահայտել ենք մեր այն դիրքորոշումը, որ դեմ չենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որի պատասխանատվությունն ամբողջությամբ ՀՀ կառավարությանն է»,- երեկ նման հայտարարություն է տարածել ՀՀԿ-ն: Այսպիսով, երբեմնի իշխող կուսակցությունը վերջնականապես ընդունում է իր պարտությունը' համաձայնելով նաեւ օրենսդիր իշխանությունից հեռանալուն:

Սա, իհարկե, սպասելի էր հատկապես հոկտեմբերի 2-ին տեղի ունեցածից հետո, երբ քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ կոչով շրջափակեցին ԱԺ-ն' պահանջելով արտահերթ ընտրությունների անցկացում: Միաժամանակ, արդեն երկու օր է' ՀՀԿ խմբակցության պատգամավորները հերթով հայտարարում են դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը սատարելու մասին' ստորագրելով համապատասխան տեքստի տակ: Եւ այս իրավիճակում ՀՀԿ-ին այլ բան չէր մնում, քան արժանապատվորեն ընդունել սեփական պարտությունը եւ համաձայնել ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը:

«Ժողովուրդ» օրաթերթը նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ ՀՀԿ-ականները որոշել, նույնիսկ «հայհոյանք են դրել», որ ոչ մի դեպքում չեն գնա ԱԺ արտահերթ ընտրությունների: Սակայն նրանք մտափոխվել են այն բանից հետո, երբ ՀՀԿ ղեկավարությունը պարզապես խաբել է: Մեր տեղեկություններով' հոկտեմբերի 2-ին' աղմկահարույց օրինագծի ընդունման օրը, պարզվում է' ՀՀԿ խմբակցության պատգամավորներից շատերին փորձել են խաբեությամբ բերել խորհրդարան: Ասվել է, որ երեկոյան հանդիպում է լինելու ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի մոտ, որ բոլորը պետք է մասնակցեն, կարեւոր հարց կա քննարկելու:

Սկզբում ասվել է, որ հանդիպելու են ուրիշ վայրում, հետո կանչել են ԱԺ: Այստեղ էլ տեղեկացել են, որ պետք է կողմ քվեարկեն աղմկահարույց օրինագծին: Եւ ՀՀԿ-ականներից շատերը վիրավորվել էին, որ գործընկերներն իրենց խաբել են, ու շատերը հենց այդ պատճառով են որոշել լքել խմբակցությունը:

Ավելի մանրամասն'«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: