Մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողը։ Առաջինը ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր ցանկանում եմ վերստին ասել, որ Հայաստանի համար մեծ պատիվ է, որ այս Գագաթաժողովի կազմակերպումը վստահվել է Հայաստանին։ Այդ առնչությամբ մենք լիովին գիտակցում են մեզ վրա դրված պատասխանատվությունը և ցանկանում ենք, որ այդ իրադարձությունը բոլորի հիշողություններում մնա որպես Կազմակերպության ինստիտուցիոնալ կյանքի բացառիկ պահերից մեկը, ինչպես նաև ֆրանկոֆոն համակեցության և համերաշխության կարևոր դրսևորում։ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի երիտասարդ անդամ է, դիտորդի կարգավիճակով անդամակցությունից ի վեր ընդամենը 15 տարի է անցել, մինչդեռ մշակութային և լեզվական բազմազանության, ֆրանսերեն լեզվի և Ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեքների խթանման նրա հանձնառության ապացույցի կարիք չկա։ Հայաստանը հպարտ է Ֆրանկոֆոնիային անդամակցությամբ, որը համագործակցության, երկխոսության և փոխանակումների մի ընդարձակ տարածք է, և բազմազանության և համերաշխության նկատմամբ հարգանքի մթնոլորտում Կազմակերպության անդամ պետությունների և կառավարություններին համախմբում է խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարգանքի շուրջ։ Մենք իրապես հավատարիմ ենք մեզ միավորող այդ կապերի բնույթին, որոնք այնքան լավ բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ։ Նրանք միասին կազմում են այդ համընդհանուր բարիքը, այդ հարստությունը, որ մեզ համար կարևոր է պահպանել ամեն գնով, այդ մեծ շանսը՝ ֆրանկոֆոն ողջ տարածքի համար։ «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում». սա է Հայաստանի կողմից առաջարկված թեմայի նշանակությունը, որը կարտացոլվի նաև մեր աշխատանքներում»,- ասաց վարչապետը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով Ֆրանկոֆոն անդամ պետությունների ղեկավարներին, նշեց, որ ուրախ է նրանց ողջունել Հայաստանում ու 2800-ամյա մայրաքաղաք Երևանում:
Վարչապետն իր խոսքում ղեկավարների ուշադրությունը հրավիրեց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի խնդրին:
Ավելի վաղ, գագաթնաժողովի մասնակիցները լուսանկարվեցին, որին հաջորդեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից «Ֆրանսիայի Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» անվանումով գեղաթերթիկի մարումը: