ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը պատվաստելու է իր դուստրերին պապիլոմա վիրուսի դեմ: Այդ մասին նա հայտարարել էր «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարի եթերում: Նա նշել է, որ բազմիցս է հետաքրքրվել այդ հարցով, ուսումնասիրել, նաև առողջապահության ոլորտի հետ կապված հոդվածներ է հրապարակել: Աննա Հակոբյանը համոզվել է, որ բարձրակարգ մասնագետներ կան այդ ոլորտում: Մինչ այդ էլ քաղաքացիներին՝ իրենց երեխաներին պատվաստելու կոչ-հորդոր էր հնչեցրել վարչապետը. «Իմ բոլոր երեխաներն ստացել են առանց բացառության բոլոր պատվաստանյութերը: Նրանք պատվաստվել և պատվաստվելու են այն նույն պատվաստանյութերով, ինչ մնացածները: Իսկ ցավալի դեպքերը պետք է հետաքննվեն»,-հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:
 
Ուշագրավն այն է, որ անցյալ տարի, երբ Լևոն Ալթունյանի շնորհիվ Գարդասիլով պատվաստման հարցը դարձավ օրակարգային, հենց ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էր, որ ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովում ՄՊՎ պատվաստման հարցով լսումներ նախաձեռնեց, ավելին՝ Ալթունյանին հարցախեղդ անելուց հետո հանգեց այն եզրակացության, որ ՄՊՎ-ի դեմ պատվաստման հարցում «թեականությունը» շատ է:
 
Ստացվում է՝ այն ժամանակ բարձրացրած աղմուկը արհեստական էր, և ավելի շատ միտված էր օրվա իշխանությունների գործերում կեղտ գտնելուն՝ թիրախավորելով հենց առողջապահության նախարարին: Այսօր , երբ այդ պաշտոնը զբաղեցնում է յուրային Արսեն Թորոսյանը, թեականությունն էլ է վերացել և ամեն ինչ այլևս միանշանակ է: Նշենք նաև, որ վարչապետի որոշումների համաձայն՝ Սերգեյ Խաչատրյանն ու Լենա Նանուշանյանը նշանակվել էին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալներ։ Սերգեյ Խաչատրյանը նախարարության հնաբնակներից է, ով ներկա նախարարի հետ վերջին շրջանում աչքի ընկավ «Գարդասիլ» պատվաստանյութի լայն քարոզչությամբ եւ ոչ միայն: Այժմ այդ քարոզչությանը լծվել են ամենաբարձր մակարդակում: Իհարկե, Ալթունյանն էլ էր նման փորձեր կատարում, սակայն համաձայնեք՝ մի խումբ բուժաշխատողների կողմից Գարդասիլի գովազդը չէր կարող ունենալ այն ազդեցությունը, ինչպիսին կարող է ունենալ 80 տոկոս ժողովրդականություն վայելող վարչապետի կոչից հետո:
 
 
Ս,Խաչատրյան