«Երևանի քաղաքապետի երդմանակալության օրը ունեցած ելույթում ես ասացի հետհեղափոխական ժամանակների մեր պատկերացրած տրամաբանությունը և ասացի, որ ամենակարևոր խնդիրը մեզ համար այդ թվում և արտահերթ խորհրադարանական ընտրություններից հետո, որը պետք է տեղի ունենա դեկտեմբերին, պետք է ավարտված համարել Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը և մեր ժողովրդի ներուժը ներգրավել Հայաստանի հետագա զարգացման գործում։ Եվ, այս իմաստով, կարևոր եմ համարում, որ երկրում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում որևէ մեկն իր կյանքն ավարտված չհամարի Հայաստանում, և մենք չպետք է թույլ տանք, որ Հայաստանում զարգանա այնպիսի մի երևույթ, որը պայմանականորեն կարելի է կոչել քաղաքական ռասսիզմ։ Մարդիկ չպետք է ենթարկվեն հետապնդումների, վերաբերմունքի՝ միայն այն պատճառով, որ նրանք պաշտոնավարել են նախկինում Հայաստանում գործած կառավարության ներկայացուցիչների հետ»,- այս մասին այսօր տեղի ունեցած կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով, թե ինչու է Սյունիք մարզպետ նշանակվել Հունան Պողոսյանը։
Վարչապետը նաև նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում բոլորը հավասար են օրենքի առաջ և դա վերաբերվում է ոչ միայն գործող և նախկին պաշտոնյաներին, այլև ոչ պաշտոնյաներին և, ընդհանրապես, բոլորին, բայց սա չի նշանակում, որ իրենք փակում են կառավարությունում կադրային փոփոխությունների օպտիմալացման և ավելի արդյունավետ համակարգ ունենալու տրամաբանությունը։ Նրա խոսքով՝ իրենց կառավարման համակարգի 90 տոկոսը մնացել է նույնը։