«Մնացած թեկնածուների քարոզչությունը քարոզչություն չեմ համարում, այլ ընդամենը բամբասանք, պարզապես էժանագին սադրանք, որովհետև այդ էժանագին մեթոդներով պարզապես փորձում են իջեցնել իմ վարկանիշը։ Ես տեսնում եմ, որ միանշանակ հաղթելու ենք»։ Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի քաղաքապետի թեկնածու, Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը:

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում իր շանսերը հոկտեմբերի 21-ին կայանալիք Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում և ինչի՞ց է պատրաստվում սկսել՝ Գասպարյանը պատասխանեց․

 

«Շատ բարձր եմ գնահատում իմ հնարավորությունները, իսկ այս ընթացքում մենք խնդիրներ ենք սորտավորել, որը ըստ առաջնահերթության կկատարենք։ Մեր առաջնային խնդիրը բյուջեի պլանավորումն է, հաշվի առնելով, որ ընտրությունների ժամանկահատվածը համընկնում է եկող 2019 թվականի բյուջեի տարեկան պլանավորման հետ»։

Ինչ վերաբերում է նախկին հեղինակությունների հովանավորության տակ գտնվող մյուս թեկնածուների հետ մրցակցությանը՝ Գասպարյանը նշեց․

«Ես մտավախություն չունեմ, որովհետև էջմիածնեցին արդեն ոչ է ասել թաղային խուժանին, բռնապետերին և այո է ասել ժողովրդավարությանը։ Կարծում եմ՝ հոկտեմբերի 21-ին էջմիածնեցին անելու է վերջին և հաղթական քայլը, որպեսզի Էջմիածնում հաստատվի ժողովրդավարությունը, օրենքի գերիշխանությունը և որևէ արատավոր ուժ, որևէ վարկաբեկված թեկնածու՝ իր նախկին քաղաքական անցյալով, իր նախկին հովանավորներով, իր հանցավոր կապերով չհաստատվի։ Ինչ վերաբերում է մրցակցությանը՝ շատ են խոսում քաղաքում՝ որպես ղեկավար՝ տղամարդու անհրաժեշտության մասին, բայց  փորձը ցույց տվեց, որ տղամարդիկ կարող են իրենց պահել շատ ավելի էժանագին»։

 

Էջմիածնի քաղաքապետի ԺՊ-ն նաև նկատեց, որ ինչպես Երևանում Հայկ Մարությանը, Էջմիածնում էլ ինքը՝ համարվում է «Իմ քայլը» հեղափոխական ուժի թեկնածուն և վայելում է այդ ուժի աջակցությունը։

Հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և՞ս իրեն աջակցում է, քաղաքապետի ԺՊ-ն արձագանքեց՝ «Եթե Նիկոլ Փաշինյանը որպես թեկնածու ներկայացնում է ինձ, դա ուղղակիորեն վարչապետի աջակցություն է նշանակում»,-ասաց Գասպարյանը և հավելեց, որ մյուս թեկնածուները փորձում են շահարկել հեղափոխությունը, վարչապետի անունը․ «Ժողովուրդը շատ լավ հասկանում է, թե ով է վարչապետի թեկնածուն։ Նրանք փորձում են տպավորություն ստեղծել, որ ես նրա քաղաքական թիմի վստահությունը չեմ վայելում»։ 

Անդրադառնալով՝ պայմանավորվածությանը, որ քաղաքապետի թեկնածուների միջև պետք է բանավեճ լիներ, որը տեղի չունեցավ՝ Գասպարյանը նշեց, որ բոլոր թեկնածուները համաձայնվել են մասնակցել բանավեճին։ 

«Ես ևս համաձայնվել եմ, բայց կարծես՝ այդ ձևաչափն Էջմիածնում չի գործում, շտաբի պետերի հանդիպում-քննարկման արդյունքում ընդհանուր պայմանավորվածություն չստեղծվեց, և օդում մնաց այդ թեման: Բոլորը պատրաստ էին, բայց կազմակերպչական հարցերի շուրջ ընդհանուր հայտարարի չեկան»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է նրա երիտասարդ և անփորձ լինելու՝ մյուս թեկնածուների դիտարկմանը՝ Գասպարյանը նկատում է․ «Ես շատ ուրախ և հպարտ եմ, որ չունեմ այն արատավոր փորձը, որ ունեն շատ թեկնածուներ: Փորձը շատ կարճ ժամանակում կարող ենք ձեռք բերել»։