Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում այսօր եռուզեռ էր։

Երևանյան մասնաճյուղի և ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի Վլադիկավկազի մասնաճյուղի միջև գիտական համագործակցության շրջանակներում ընթանում էր առցանց համաժողով՝ «Կովկասի կայունության տնտեսա-քաղաքական ստրատեգիաները» խորագրով, որը նվիրված էր Ֆինանսական համալսարանի 100-ամյա տարելիցին։

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը հանդիպեց Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Թամարա Վարդանյանին, ով մանրամասն ներկայացրեց նախագծի հեռանկարային նշանակությունը թե՛ գիտական, թե՛ քաղաքական տեսակետից։

- Տիկին Վարդանյան, ինչպե՞ս հղացավ ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի Վլադիկավկազի մասնաճյուղի հետ համագործակցության գաղափարը և ինչու՞ հենց այս համալսարանի հետ։

- Այս համագործակցությունը խթանող մի քանի շարժառիթներ կան. նախ մենք կարևորում ենք «Կովկասագիության» որպես գիտական առանձին ուղղության զարգացումը մեր երկրում և հետագայում էլ փորձելու ենք այս ուղղությամբ ձևավորել հարթակ՝ ընդգրկելով ոլորտի առաջատար մասնագետներին։ Մյուս մոտիվացնող հանգամանքն այն է, որ նշված համալսարանը նույնպես ունի տնտեսագիտական կողմնորոշում, ինչպես և Պլեխանովի անվան համալսարանը, որն, ի դեպ, առաջին տնտեսագիտական համալսարանն է Ռուսաստանի պատմության մեջ՝ հիմնադրվել է 1907 թվականին և մինչ օրս իր անխափան գործունեությունն է ծավալում նշված բնագավառում բարձրակարգ մասնագետների պատրաստման գործում։ Վերջապես, երրորդ՝ ոչ պակաս կարևոր շարժառիթն այն է, որ Հյուսիսային Օսեթիայի գիտական հանրությունը կարող է կամուրջ հանդիսանալ հայ և ռուսաստանցի մեր գործընկերների միջև հենց այն խնդիրների քննարկման հարթությունում, որոնք անմիջականորեն կապված են մեր կենսական շահերի հետ։ Դրանք են՝ առաջին հերթին Ղարաբաղյան հակամարտության հայանպաստ դիրքորոշման արմատացումը՝ ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա, ինչպես նաև Հայաստան–Ռուսաստան երկաթուղային հաղորդակցման վերականգնման խնդիրը, որտեղ կարևոր դերակատարում ունի նաև Վրաստանը։ Գաղտինք չէ, որ այսօր հայկական կողմը Վրաստանի հետ հարաբերությունների սերտացման և մի շարք հարցերի հայանպաստ լուծումների կարիք ունի։ Միաժամանակ մենք մի քանի խաղաքարտեր ունենք (հայկական տարրի ներկայությունը Վպաստանում, Ջավախքի հիմնահարց և այլն), որոնք կարող են ուժեղացնել մեր դիրքերը Վրաստանի հետ հարաբերություններում։ Սակայն աչքաթող է արվել մի մարտավարություն, որը ենթադրում է Վրաստանը շրջապատող բոլոր պետությունների հետ հնարավորինս բարեկամական հարաբերությունների հաստատումը։ Տվյալ պարագայում, երկու պետություններ՝ Թուրքիան և Ադրբեջանը, լինելով մեր ոխերիմ թշնամիները, դուրս են մնում այս մարտավարությունից, մնում է միայն հետևողական աշխատանք օսերի (նաև հնարավորության դեպքում՝ աբխազների) հետ։

 

- Տիկին Վարդանյան, իսկ Ձեր ղեկավարած կրթական հաստատությունն ի՞նչ ձևաչափով էր ներկայացված այս համաժողովին։

- Մենք, ըստ էության, հանդիսանում էինք այս կարևոր գիտական միջոցառման համակազմակերպիչները։ Մեր ԲՈՒՀ-ի դասախոսական կազմն ակտիվ մասնակցություն ունեցավ Համաժողովի աշխատանքներին (բանախոսներ էին՝ ք.գ.թ. Դ.Ջիվանյանը, տ.գ.թ., դոցենտ Ա.Թևիկյանը), ունեինք հրավիրված մասնագետ՝ քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը։ Բոլոր ելույթները մեծ հետաքրքրություն առաջացրեցին մեր գործընկերների շրջանում։ Սպասվում է գիտաժողովի նյութերի հրապարակում ևս։

- Ի՞նչ պլաններ ունեք գիտական համագործակցության ընդլայնման տեսակետից, առհասարակ։

- Կարծում եմ, որ վերջին շրջանում հայաստանյան գիտական շրջանակներում, խոսքը հիմնականում վերաբերում է հումանիտար ուղղությանը, փոքր ինչ դանդաղել են արտաքին համագործակցությանը միտված ծրագրերը։ Եթե դրանք մեկնարկում են, ապա հայկական կողմը նախաձեռնողի դիրքերում չէ, այլ պասիվ մասնակցի, ինչն ինձ անձամբ չի գոհացնում։ Պատճառը, հավանաբար, ոչ միայն Հայաստանից ահագնացող չափերի հասնող գիտական մտքի արտագաղթն է, ալյև պետական աջակցության գրեթե իսպառ բացակայությունը։ Սակայն նույնիսկ այս իրավիճակում պետք է փորձենք ճեղքել և դուրս գալ միջազգային հարթակներ՝ մեր թեզերը տարածելու և արմատավորելու համար։ Անհրաժեշտ է լայնորեն կիրառել հաղորդակցման միջոցների զարգացումը,առցանց կապի հնարավորությունները, ինչը մեր ԲՈՒՀ-ն այսօր լայնորեն փորձում է կիրառել պրակտիկայում։

-Մեզ մնում է միայն հաջողություն մաղթել Ձեզ՝ նշված ուղղությամբ հետագայում ևս կատարվելիք աշխատանքներում։ Շնորհակալություն հարցազրույցի համար։