Սեպտեմբերի 27-ին կառավարության նիստում գործադիրի հավանությանն արժանացավ 2019 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը, որն առաջիկայում կանցնի քննարկման փուլերով և կհաստատվի ազգային ժողովի կողմից: Սակայն ներկայացված բյուջեի նախագծի մասին մասնագետները տարատեսակ կարծիքներ են հնչեցնում:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշեց, որ ցանկացած բյուջե բխում է Կառավարության գործունեության ծրագրից, սակայն 2018թ. հունիսին հաստատված ծրագրում որևէ քանակական ցուցանիշ չկա. «Դրանով պայմանավորված՝ այս կառավարությունն, ըստ էության, որևէ պարտավորություն չունի 2019թ. բյուջեով սոցիալական, տնտեսական ցուցանիշներ իրականացնելու կամ դրանց հասնելու: Այս բյուջեն կազմվել է նախորդների տրամաբանությամբ և հանդիսանում է նախորդ բյուջեների իրավահարջորդը. գաղափարախոսական և կազմման առումով որևիցե փոփոխություն չկա: 2019թ. բյուջեն 2018թ-ից ավել է 10 %-ով, այսինքն՝ նույն հարաբերակցությունը, ինչ կար 2016, 2017թթ. բյուջեներում»,- մեզ հետ զրույցում ասաց տնտեսագետը:
Նրա խոսքով՝ հասարակության մեծ մասը տնտեսական աճի ազդեցությունը չի զգա. «Նախատեսված է 4․9% տնտեսական աճ, որը, նկատենք՝ 2018թ.-ի համեմատ այդքան էլ մեծ չէ, քանի որ 2018թ.-ին տնտեսական աճը կանխատեսվում է 6,5%-ի չափով: Հաշվի առնելով, որ 2019թ. բյուջեով նախատեսված չեն աշխատավարձերի, նպաստների բարձրացում, իսկ կենսաթոշակների աճ լինելու է մասամբ, քանի որ թոշակները բարձրանալու են միայն այն թոշակառուների համար, որոնց թոշակը ցածր է 25․500 դրամից: Հնարավոր է՝ հաջորդ տարվա ընթացքում վերանայվի բյուջեի նախագիծը, բայց այսօրվա դրությամբ, սոցիալ-տնտեսական մասով խոշոր նվաճումներ, ձեռքբերումներ չենք ունենա: 2018-2019թթ.-ին արտահանման և ներմուծման բացասական հաշվեկշիռը մեծանալու է, այսինքն՝ ներմուծման ծավալները գերազանցելու են արտահանման ծավալներին, որը, անշուշտ, իր բացասական ազդեցությունը կունենա հայաստանյան տնտեսության վրա»,- նշեց նա։
Պարսյանի խոսքով՝ 2019թ.-ին Հայաստանի պետական պարտքն է մեծանալու՝ հասնելով 7,5 միլիարդ դոլարի: Ըստ նրա՝ նախատեսվում է, որ 2019թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ, պետական պարտքը կկազմի 7,5 միլիարդ դոլար՝ այն դեպքում, երբ 2018թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական պարտքը նախատեսված է 7 միլիարդ 50 միլիոն դոլար: Սա նշանակում է, որ հաջորդ տարի 2019թ.-ի ընթացքում մեր պետական պարտքը 450 միլիոն դոլարով ավելանալու է, որն ունի մի քանի պատճառ. հաջորդ տարվա ընթացքում մեծ ծավալներով պետք է մարվի նախկինում ձեռք բերված պարտքերը։
Վերջինիս դիտարկմամբ՝ երկար տարիներ խոսվում է, որ Հայաստանում 40-50 % ստվեր կա, սակայն 2019թ. բյուջեի նախագծով, եկամուտների հավաքագրումը չի վկայում, որ կրճատումներ կլինեն տնտեսական մենաշնորհների, ստվերների մասով:
Պարսյանի կարծիքով՝ 2019թ.-ի բյուջեն ժամանակավոր կառավարության ժամանակավոր բյուջեի ծրագիր է, որն ամբողջությամբ շարունակում է նախորդ կառավարության բյուջետային քաղաքականությունը: Այն միտված է խորհրդարանական արտահերթ ընտրություններին և նոր կառավարության ձևավորմանը։
Նշենք, որ 2019թ. բյուջեի նախագծով Հայաստանի եկող տարվա համախմբված բյուջեն գնահատվում է եկամուտների գծով` 1,533.7 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 1,685.3 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասուրդը)՝ 151.6 մլրդ դրամ: Համայնքների 2019-ի բյուջեները գնահատվում են՝ եկամուտների գծով՝ 138.9 մլրդ դրամ (ներառյալ` պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները), ծախսերի գծով՝ 138.9 մլրդ դրամ։
Սոնա Հարությունյան