Վարչապետ Փաշինյանի խոսքով, ԱԺ առաջիկա արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու այս տարվա դեկտեմբերի առաջին կեսին: Մինչ խորհրդարանի լուծարումն ու ընտրությունների կազմակերպումը, խորհրդարանական ուժերը պետք է ՀՀ վարչապետի հրաժարականից հետո, ինչպես արդեն տեղեկացրել էինք, յոթնօրյա ժամկետում իրենց թեկնածուներին առաջադրեն: Այսօր արդեն հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի ընտրության հարցին խորհրդարանը կանդրադառնա հոկտեմբերի 24-ին: 

Սակայն ԱԺ-ն երկշաբաթյա ժամկետում եթե չկարողանա վարչապետ ընտրել, խորհրդարանն օրենքի ուժով համարվում է լուծարված, և դրանից 30-45 օր հետո նշանակվում են խորհրդարանական ընտրություններ: 

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ԱԺ-ի արձակման և արտահերթ ընտրությունների վերաբերյալ առաջիկայում հրամանագրեր կստորագրի և կմեկնարկի ընտրություններին մասնակցող կուսակցությունների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու գործընթացը: 

Այսպիսով՝ քվեարկության օրվանից ամենաուշը 20 օր առաջ` մինչև աշխատանքային օրվա ավարտը, ընտրություններին մասնակցող կուսակցությունները պետք է կատարեն ընտրական ցուցակների գրանցում: Իսկ ընտրական տեղամասերը կազմավորվում և տեղամասային կենտրոնները սահմանվում են քվեարկության օրվանից ամենաուշը՝ 25 օր առաջ: 

Հիշեցնենք, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել հոկտեմբերի 16-ին: