Երևանի թիվ 35 մանկապարտեզի երեխաների ծնողներն ահազանգում են ԼՈւՐԵՐ.com-ի խմբագրություն, բողոքով, որ աշխատակիցներն իրենցից պահանջում են հիգիենիկ պարագաներ:
Մասնավորապես, ծնողներից մեկը նշում է, որ իր երեխայի խմբի դայակն ու դաստիարակը պարտադրում են մանկապարտեզ բերել սպունգ, աման լվանալու հեղուկ, սանհանգույցի մաքրման և հիգիենայի այլ պարագաներ:
«Դայակը կամ դաստիարակը մեզ՝ ծնողներիս ամենամսյա հերթականությամբ պահանջում են մի շարք պարագաներ բերել մանկապարտեզ, որպեսզի ապահովեն մեր երեխաների մաքրությունը, բայց ինչքա՞ն կարող ենք»,-մեզ հետ զրույցում պատմեց ծնողներից մեկը:
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության բաժնից մեզ հետ զրույցում ասացին, որ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր մանկապարտեզներն ստանում են անհրաժեշտ ֆինանսավորում: «Մեր ենթակայության տակ գտնվող ոչ մի մանկապարտեզ իրավունք չունի ծնողներից գումար կամ պարագաներ պահանջել, դա արգելված է»,-մանրամասնեցին Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնից:
Երևանի թիվ 35 մանկապարտեզի (Աջափնյակ վարչ. շրջան) շուրջ 25 տարվա տնօրեն Ամալյա Ավդալյանը, հակառակ երեխաների ծնողների, մեզ հետ զրույցում պնդեց, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
«Չկա նման բան. այդ ամենը հերյուրանք է: Բոլորը հանկարծ պահանջատեր են դարձել, և այդ ծնողներն էլ հենց չարացած մարդիկ են: Այնպիսի ծնողներ էլ կան, որ իրենց երեխաներին կեղտոտ բերում են մանկապարտեզ, իսկ որ նկատողություն էլ անում ենք՝ միանգամից վրդովվում են: Այդպիսի բան գոյություն չունի»,-նկատեց մանկապարտեզի տնօրեն Ամալյա Ավդալյանը:Մեր այն ճշտող հարցին, թե ո՞րն է ծնողների զայրույթի պատճառը, հնարավո՞ր է անձնական խնդիրներ կան, տնօրենը կրկին բացառեց, հավելելով, որ տարիներ շարունակ մանկապարտեզը պահպանել է իր բարի համբավը. «1976 թվականից աշխատել եմ տվյալ մանկապարտեզում՝ որպես դաստիարակ, իսկ 1993 թվականից՝ զբաղեցրել եմ տնօրենի պաշտոնը և ոչ մի բողոք չկա մեր մասով»:
Նշենք, որ տարիներ շարունակ անընդմեջ խոսվում է մանկապարտեզների տնօրենների կողմից երեխաների ծնողներից անհարկի գումարների պահանջի մասին:
Արմինե Միքայելյան