Այս ընտրական օրենսգիրքը ոչ թե մեկ, այլ քայլեր առաջ է նախորդից, այն դրական ազդեցություն կունենա քաղաքական դաշտի վրա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը' անդրադանալով երեկ ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում հավանության արժանացած Ընտրական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագծին:
Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ «Ժառանգություն» կուսակցությունում կարծում են, որ ճիշտ կլիներ՝ 5 քաղաքական ուժ անցներ խորհրդարան և ընտրական շեմն իջեցվեր 3 տոկոսի:
«Պետք է ներառական քաղաքականություն տարվեր, սահմանփակում չդրվեր: Աժ-ում որքան շատ ուժեր լինեն, այնքան ավելի լավ: Պետք է շեմ չսահմանվեր, ինչպես նախագծում էր նշված, որ նվազագույնը չորս ուժ պետք է լինի խորհրդարանում:
Դա այդպես էլ պետք է մնար, ոչ թե մանրամասնվեր, որ միայն երկու տոկոսը հաղթահարելուց հետո կարող են անցնել: Երկու տոկոսը վերաբերում միայն 4-րդ ուժին: Կարևոր էր նաև, որ շեմն իջեցվեր 3 տկոսի բոլորի համար: Կուսակցություններ կան, որ նույնիսկ 1 տոկոս են առաջարկում, կան երկրներ, որտեղ նույնիսկ ընտրական շեմ հասկացությունը գոյություն չունի», - մանրամասնեց նա:
Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ չնայած վերապահումներին այս ԸՕ-ն կարևոր նշանակություն ունի նաև ռեյտինգային համակարգից ձերբազատվելու տեսակյունից և իրենց աջակցությունն է հայտնել կառավարությանն առընթեր ԸՕ հանձնաժողովին:
Հիշեցնենք, որ ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 19-ին կայացած նիստի ընթացքում դրական եզրակացություն տվեց օրինագծերի նախագծին, որոնց թվում էր նաև ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ Փաթեթում ընդգրկված էին նաև «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերը։