ՀՀ վաստակավոր ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանը, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանը և ՀՀ վաստակավոր ճարտարապետ Լևոն Վարդանյանը նամակով դիմել են Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանին և Հայաստանի Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանին՝ կոչ անելով և պահանջելով հարգել պրոֆեսիոնալ էթիկայի և հեղինակային իրավունքի նորմերը՝ թույլ չտալով խեղաթյուրել կառույցների ճարտարապետական դիմագիծը։ Ստորև ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ։

Մեծարգո պարոնայք

Օրեր առաջ Երևանի Ազնավուրի կեցավայրում Ֆրանսիայի և Հայաստանի նախագահների մասնակցությամբ հանրությանը ներկայացվեց նշված կենտրոնի «վերակառուցման» մի նախագիծ, որը երբևէ Հայաստանի որևէ իրավասու ատյանում չի քննարկվել և չի համաձայնեցվել:

Նախագծի հեղինակ որպես՝ ներկայացվեց ֆրանսահայ ճարտարապետ Արիս Ադամյանը:

Խիստ մտահոգիչ էր այն հանգամանքը, որ նշված միջոցառմանը հրաժարվել էր իր մասնակցությունը բերել կառույցի նախագծի հեղինակը' ՀՀ վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, որը, ինչպես պարզվում է, հեղինակային իրավունքի ուժով չէր տվել իր համաձայնությունը կառույցի նման վերաձևումների համար:

Հայ ճարտարապետների ստեղծագործություններն արտերկրյա կառուցապատողների կողմից կամայական ձևախեղելու այս անընդունելի երևույթը, ցավոք, մեր ժամանակներում սովորական է դառնում՝ հաշվի առնելով նախորդ տարիների բազմաթիվ նմանատիպ օրինակները:

Կոպտորեն խախտվում են պրոֆեսիոնալ էթիկայի և հեղինակային իրավունքի նորմերը, խեղաթյուրվում է կառույցների ճարտարապետական դիմագիծը:

Վերջերս ՀՀ կառավարության և ՀՀ ճարտարապետների միության համատեղ ջանքերով ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքը, որի հիման վրա ստեղծվեց ՀՀ Ճարտարապետների պալատը' նպատակ ունենալով, ի թիվս այլ գործառույթների, նաև պաշտպանելու ՀՀ ճարտարապետների՝ Հայաստանում ստեղծագործելու իրավունքները:

Օրենքը նախատեսում է նաև արտերկրի ճարտարապետների՝ Հայաստանում գործելու իրավունք ձեռք բերելու' համապատասխան արտոնագիր ստանալու գործընթաց:

Ճարտարապետների էթիկայի նորմերը միջազգային բնույթ ունեն և պարտադիր են բոլոր երկրների ճարտարապետների համար:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազնավուրի կեցավայրի՝ առանց հեղինակի համաձայնության, կամայական փոփոխությունը շատ վատ նախադեպ կարող է դառնալ մեզանից յուրաքանչյուրի ճարտարապետական ստեղծագործությունների ապագայի համար, սույնով ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ վերը նշված օրենքով սահմանված կարգով քայլեր ձեռնարկել Երևանում հերթական ինքնատիպ կառույցի հերթական զոհաբերումը թույլ չտալու համար:

Կոչ ենք անում արտերկրյա գործընկերներին հարգանք ցուցաբերել մեր երկրում, մեր ստեղծագործական մոտեցումների հանդեպ: Մենք ողջունում ենք սփյուռքահայ գործընկերների մասնակցությունը Հայաստանի շինարարական գործընթացներին, նրանց միջոցով արտերկրի առաջավոր փորձի կիրառումը, բայց միայն այն դեպքում, երբ դա տեղի է ունենում պրոֆեսիոնալ համերաշխության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում, այլ ոչ՝ ի հաշիվ մեր մասնագիտական արժանապատվության ոտնահարման:

ՀՀ վաստակավոր ճարտարապետ Աշոտ Ալեքսանյան

ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյան

ՀՀ վաստակավոր ճարտարապետ Լևոն Վարդանյան

19.10.2018թ.