Դասական երաժշտության երկրպագուները քաղաքամայր Երևանի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ հնարավորություն ունեցան ունկնդրել Երևանին նվիրված մի շարք ստեղծագործություններ սիրված նվագախմբերի և երգչախմբերի կլատարմամբ:
Դասական երաժշտության համերգն անցկացվեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիմաց:
Ծրագրի առաջին մասում հանդես եկան Ստեփան Ջրբաշյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի և Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցների փողային համույթները:
«Երկրորդ բաժնում ելույթներ կունենան Երևանի պետականկամերային երգչախումբը՝ դիրիժոր Հարություն Թոփիկյանիղեկավարությամբ, Հայաստանի պետական կամերայիննվագախումբ՝ը դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, համերգը կեզրափակի ՀՀ զինված ուժերի երգի և պարի համույթը»,-ներկայացրեց համերգային ծրագրի կազմակերպիչ Արմեն Սուքիասյանը:
Նա շնորհավորեց Երևանի տոնը, նշեց, որ Երևանն առաջին հերթին կենսակերպ է: «Կարծում եմ` երևանցի լինելը մեծ պատիվ է և պատասխանատվություն: Խաղաղություն եմ մաղթում իմ քաղաքին և ցանկանում, որ երևանցին հպարտ քայլի իր քաղաքում: Շատ կուզեմ, որ յուրաքանչյուր զբոսաշրջիկ, գալով Հայաստան, ինչ-որ չափով նախանձի մեզ»,- նշեց Սուքիասյանը:
Դասական երաժշտության ունկնդիրներից մեկը` 55-ամյա Սիրանուշը, ասաց, որ որքան էլ իր համար ընդունելի լինի այլ ժանրի երաժշտությունը, միևնույն է, դասականը մնում է ամենասիրվածն ու գերադասելին: «Անչափ երջանիկ եմ, որ իմ քաղաքի տոնին նվիրված բազմազան միջոցառումների մեջ չիմոռացվել նաև դասականը: Ուզում եմ, որ Երևանը ծաղկի, բարգավաճի և փողոցներում միայն ճաշակով ու դրական հույզեր արթնացնողերաժշտություն հնչի»,- ընդգծեց նա:
Մայրաքաղաքի կենտրոնական հատվածներից բացի, այսօր տոնական հանդիսություններ են իրականացվում նաև վարչական շրջանների կենտրոնական հրապարակներում և այգիներում: