Երևանում ընթացող «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովին, որն արդեն երրորդ անգամ է անցկացվում, մասնակցում է 100-ից ավելի ընկերություն՝ Ռուսաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Բելառուսից և Հայաստանից:
Ղազախստանի «Աստանա Յուտարիա» կարի արտադրության ընկերության ներկայացուցիչ Դինարան «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք ամբողջ երկրով մատակարարում են իրենց արտադրանքը:
«Հիմնականում արտադրում ենք համազգեստներ, արդեն 3 տարի է, ինչ Ղազախստանի ամբողջ բանակն ապահովում ենք զինվորական համազգեստով: Մենք զարգացնում ենք նաև կանացի զգեստների բրենդային հատվածը: ԵԱՏՄ երկրներից՝ շատ ակտիվ արտահանում ենք Ռուսաստան և ծրագրեր ունենք նաև Հայաստան ու Բելառուս արտահանել: Բավականին մեծ շրջանառություն ունենք և կարող ենք մեզ թույլ տալ արտահանել տարբեր երկրներ»,- նշեց Դինարան:
«Sport motors racing» հետազոտական ընկերության տնօրեն Սարգիս Տեր-Գալստյանն ընդգծեց, որ իրենք մշակում են էկոլոգիապես մաքուր շփման նյութեր՝ հիմնականում մեքենաների արգելակման կոճղակների համար:
«Մենք մասնակցում ենք այս ցուցահանդեսին, քանի որ մտադրություն ունենք ներդրողներ գտնել, որպեսզի արգելակման կոճղակների համար Հայաստանում կարողանանք արտադրամաս բացել: Մենք լաբորատորիաներ ունենք, որտեղ մեր հետազոտություններն ենք իրականացնում, ինչպես նաև համագործակցում ենք Գիտությունների ազգային ակադեմիայի հետ: Ներդրողներ գտնելուց հետո գուցե սկսենք նաև արտահանել Ռուսաստան և Իրան»,- ասաց Սարգիս Տեր-Գալստյանը:
Բելառուսական «ДОР-МПЗ» ընկերության ներկայացուցիչ Իլյուխա Պավելը նշեց, որ իրենք զբաղվում են երկաթուղային կայանքների դետալների արտադրությամբ:
«Դեռևս ԵԱՏՄ ոչ մի երկիր չենք արտահանում մեր արտադրանքը, հենց դրա համար էլ մասնակցում ենք այս ցուցահանդեսին: Արտահանելու համար մեզ համար Ռուսաստանը և Ղազախստանն են հետաքրքիր երկրներ: Հնարավոր է, որ համագործակցություն լինի նաև «Հարավկովկասյան երկաթուղու» հետ»,- շեշտեց Պավելը:
Բելառուսական «Բելկարդ» կազմակերպության մարքեթինգի բաժնի ղեկավար Անդրեյ Ակուլևիչն ընդգծեց, որ իրենք ներկայացնում են գործարան, որտեղ արտադրվում են ավտոմասեր «ԿամԱԶ»-ի, «ԳԱԶ» ավտոգործարանների համար, ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկա արտադրողների համար:
«Այսօր հիմնական շուկան մեզ համար Ռուսաստանի Դաշնությունն է, բայց արտահանում ենք նաև Ղազախստան և Հայաստան»,- նշեց Անդրեյ Ակուլևիչը:
«Bazikyan’s» ընկերությունը ներկայացնող Վիգեն Բազիկյանը պատմեց, որ Գավառ քաղաքում զբաղվում են հայկական արիշտայի արտադրությամբ, որը գյուղական մակարոն է: «Այն հայկական խոհանոցի հիմնական սննդատեսակներից է եղել, ավաղ, վերջինշրջանում արիշտան մի քիչ մոռացվել է: Փորձում ենք հիշեցնել դրա մասին»,- ասաց Բազիկյանը:
Նրա խոսքով` արտադրանքի հիմնական վաճառքն իրականացվում է Հայաստանում, բայց այն արտահանել են նաև Եվրոպա, ԱՄՆ: Ունեն գործընկերներ, որոնց հետ համագործակցության արդյունքում արիշտան արտահանում են նաև Ռուսաստան: «Այս ցուցադրությանընթացքում մեր արտադրանքի նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է: Արդեն ձեռք ենք բերել որոշ պայմանավորվածություններ,մնում է իրագործել դրանք»,- շեշտեց Բազիկյանը:
«Modus Granum» ընկերության լոգիստիկ մենեջեր Հակոբ Փայտյանի խոսքով` իրենց ձեռնարկության մաս է կազմում հինգ գործարան, որոնք զբաղվում են ալյուրի, կենդանիների համար նախատեսված կերերի արտադրությամբ, պեռլիտի և բնական քարերի վերամշակմամբ:
Փայտյանը նշեց, որ հատուկ ԵԱՏՄ երկրներ արտահանելու նպատակով արտադրում են շան, այլ ընտանի կենդանիների կերեր:
«Արտահանում ենք ձկան կերեր, քանի որ մեր արտադրանքը ոչ մի բանով չի զիջում դրսինին և մատչելի է»,- ընդգծեց նա:
«Galanteya» բելառուսական ընկերությունը ներկայացնող Ալեքսեյ Պանտելեևն ասաց, որ իրենք զբաղվում են կաշվե իրերի արտադրությամբ: «Հիմնականում մասնագիտացված ցուցահանդեսների ենք մասնակցում: Առաջին անգամ ենքՀայաստանում, և պետք է խոստովանեմ, որ պոտենցիալ գնորդների քանակն այստեղ շատ քիչ է»,- շեշտեց Պանտելեևը:
«Urbenn» ընկերության ներկայացուցիչ Յուլիան ասաց, որ «URBENN»-ը ԵԱՏՄ երկրների առևտրային հարթակ է: «Մենք միավորում ենք արտադրողներին, մատակարարներին, գնորդներին մեկ ինտերնետ հարթակում, որն աշխատում է ԵԱՏՄ հինգերկրների համար: Մեր նախագիծը մեկնարկը կտրվի հաջորդ տարվա ապրիլին, այժմ ամեն բան դեռ մշակման փուլում է գտնվում, և սա առաջին ֆորումն է, որտեղ մենք ներկայացնում ենք մեր նախագիծը և հույս ունենք ստանալաջակցություն»,- եզրափակեց Յուլիան: