Օրերս իրավապահներն առանձնապես խոշոր չափերի յուրացման նոր դեպք են բացահայտել, այս անգամ` Արմավիրի մարզում: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հոկտեմբերի 24-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ ստացվեցին, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարը թույլ է տվել մի շարք չարաշահումներ: 2017-2018 թթ. ընթացքում Արմավիրի մարզում գրանցված տնտեսվարող սուբյեկտների հետ նա կազմել է ապրանքների ձեռք բերման և ծառայությունների մատուցման կեղծ պայմանագրեր, համայնքի բյուջեից փոխանցել է խոշոր չափերի գումարներ, սակայն իրականում ծառայությունների մատուցում կամ ապրանքների մատակարարում չի իրականացվել: Իսկ փոխանցված գումարներից, որոշակի տոկոսաչափի պահումով, հետ է ստացել և յուրացրել:

Նյութերի նախապատրաստման ընթացքում, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ Կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Արմավիրի մարզային վարչության և բաժնի ծառայողների համատեղ միջոցառումներով, պարզվել է, որ Եղեգնուտ համայնքի ղեկավարը 2017թ. հուլիս-նոյեմբեր ամիսներին, համայնքի զոհված ազատամարտիների գերեզմանների վերանորոգման, համայնքի փողոցների բարեկարգման համար բյուջեով նախատեսված գումարները հափշտակելու դիտավորությամբ` օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, մի կազմակերպության հետ նախնական համաձայնությանբ՝ կեղծ պայմանագրեր կնքելու և աշխատանքները ողջ ծավալով կատարված լինելու վերաբերյալ կեղծ կատարողական ակտեր կազմելու միջոցով, փոխանցել է շուրջ 1.900.000 դրամ, որից առձեռն վերցնելով 1.700.000 դրամը` յուրացրել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: