Ռուսական Lenta.ru լրատվականը հարցազրույց է անցկացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Լրատվականն իր խորագրում նշել է. «Հայաստանի նախկին նախագահը քրեական հետապնդման տակ է ընկել և վերադարձել քաղաքականություն. ինչո՞ւ»: 

– Չնայած թերահավատությանը՝ Նիկոլ Փաշինյանը, այդուհանդերձ, կարողացավ այնպես անել, որ իրեն վարչապետ չընտրեն, այսինքն՝ նա մեկ քայլով մոտեցավ նպատակին՝ խորհրդարանի լուծարմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը։ Ինչպե՞ս եք Դուք գնահատում նրա չընտրվելը։

– Ես չէի կասկածում, որ այդ ներկայացումը կխաղան և նրան չեն ընտրի։ Դրանում ոչ մի զարմանալի բան չկա, քանի որ կուսակցությունները բավարար քաղաքական կամք չցուցաբերեցին և անհրաժեշտ չափով չհամագործակցեցին իրար հետ, որպեսզի դա թույլ չտան։ Հայաստանի Սահմանադրությունն այնպիսին է, որ խորհրդարանը լուծարելն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն առանց այդ ֆարսի չի լինի, տարբերակ չկա։ Ենթադրում եմ՝ երկրորդ անգամ արդյունքը նույնը կլինի։

– Կարծիքները տարբեր են. ոմանք կարծում են, որ դա ներկա անկայուն շրջանի վերջը կլինի, մյուսները վստահ են, որ դրան կհետևի անկայունության նոր շրջան։ Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը։

– Սա, անկասկած, բեկումնային պահ է․ վարչապետն ամրապնդում է իշխանությունը, ինչի արդյունքում Հայաստանում կձևավորվի մի խորհրդարան, որտեղ ամբողջովին կգերիշխի մեկ քաղաքական միավորում։ Իսկ հենց այդ քաղաքական միավորման մեջ գերիշխում է մեկ անձ։ Չեմ կարծում, որ այսպիսի իրավիճակը կարող է ապահովել երկարաժամկետ կայունություն։

Փաստացի բոլոր մյուս խորհրդարանական կուսակցությունները հայտնել են, որ պատրաստ չեն արտահերթ ընտրությունների։ Սակայն այս սցենարը սեղմվում է մոբիլիզացված ռեսուրսով, որը դեռևս ունի Նիկոլ Փաշինյանն ընտրողների շրջանում։ Դա տեղի է ունենում բաց, հրապարակավ, ողջ հասարակության աչքի առաջ։ Ակնհայտ է, որ եթե խորհրդարանական կուսակցությունները պատրաստ չեն ընտրությունների, դրանց արդյունքը լիովին կանխատեսելի է։

 

– Կանխորոշվա՞ծ։

– Անկասկած։ Ցանկացած հոգեբան ձեզ կասի, որ չի կարելի լուրջ որոշումներ կայացնել էմոցիոնալ վիճակում։ Սոցիալական հոգեբանությունը վկայում է, որ դա վերաբերում է և նաև ընդհանրապես հասարակությանը։ Այսօր Հայաստանում ընտրազանգվածի մի մասն էյֆորիայի վիճակում է, պատրաստ չէ առարկայական քննարկման, իսկ դա նշանակում է, որ սխալ որոշումներ կայացնելու ռիսկերը կտրուկ մեծանում են։

– Ձեր հարցազրույցներից մեկում, գնահատելով ապրիլյան իրադարձությունները, պնդել եք, որ Փաշինյանը ժողովրդական մասսայական աջակցություն չունի, կան ոչ մեծ թվով համախոհներ, որոնք հիպերակտիվ են և դրա հաշվին խիստ առանձնանում են։ Այժմ Դուք խոսում եք մոբիլիզացված ռեսուրսի մասին, որն ունի Նիկոլ Փաշինյանը։ Դուք փոխե՞լ եք Ձեր կարծիքը, թե՞ մենք նույն բանի մասին ենք խոսում։

– Ապրիլին տեղի ունեցած մասշտաբները լրիվ այլ էին, և մարդկանց ջանքերն ուղղված էին այդ ժամանակվա գործող իշխանության դեմ։ Հենց դա էր այն ժամանակ հիմնական համախմբող սկիզբը։ Սակայն իրավիճակի զարգացման հետ գործընթացը վերափոխվեց մեկ այլ բանի։ Այդ նույն մասսան դարձավ նոր իշխանության եռանդուն պաշտպանը, քանի որ այն համարում է իր ջանքերի արդյունքը։ Այսպիսին է օբյեկտիվ իրականությունը, որի հետ պետք է հաշվի նստել։

– Դուք վեջերս կանխատեսեցիք, որ միաբևեռ խորհրդարանի ձևավորումը, ինչին և ամեն ինչըտանում է, անկայունության հերթական պտույտի նախապայմաններ կստեղծի․ եթե երկրում կյանքի մակարդակը չլավանա, դրա հետ կապված դժգոհությունը կաճի, իշխող կուսակցությանն ուղղված բողոքներ կառաջանան։ Ձեր կարծիքով՝ ո՞վ կարող է դառնալ այդ բողոքներն արտահայտողը։ Խոսքը քաղաքական ուժերի մասին է։

– Խոսքն իշխանության և պատասխանատվության մասին է․ ամբողջական իշխանությունը ենթադրում է ամբողջական պատասխանատվություն։ Սա հարցի դրական կողմն է, քանի որ հնարավոր անհաջողությունները հնարավոր չի լինի բարդել ինչ-որ մեկի վրա։ Այսօր հայտնի բառերը՝ ռևանշ, սաբոտաժ և հակահեղափոխություն, կկորցնեն հասցեատերերին։ Գուցե ընտրություններից հետո իշխանությունը վերջապես զբաղվի՞ տնտեսությամբ։

Բացասականը կլինի այն, որ փաստացիորեն կձևավորվի նոր քաղաքական մենաշնորհ, և դրանից երկրին ոչ մի լավ բան չի լինի։ Որպես կանոն, այդպիսի մենաշնորհն արդյունքում հանգեցնում է իշխանության լճացման և բարոյազրկման, ինչքան էլ այն հեղափոխական լինի։ Երկրում կդադարեն աշխատել իշխանության ճյուղերի հետ փոխհարաբերություններում չափազանց անհրաժեշտ զսպիչները և հակակշիռները։

Այս հարցում կունենանք բացասական նախանշանով իրավիճակ։ Թե որ կուսակցությունները և քաղաքական գործիչները կզբաղեցնեն ընդդիմադիրի տեղը, կախված կլինի նրանից, թե որքան եռանդուն և պրոֆեսիոնալ նրանք կկառուցեն իրենց աշխատանքն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։ Բոլորը հասկանում են, որ քաղաքական դաշտի լուրջ վերափոխում է լինելու, ինքնաիրացման համար մեծ հնարավորություններ կբացվեն, սակայն թե ով հանդես կգա որպես ընդդիմության առաջատար, կախված կլինի նրանից, թե ինչպես իրեն կդրսևորի ապագա ընդդիմությունը։

– Դուք Ձեզ տեսնո՞ւմ եք այդ դերում։

– Ես մտածում եմ այդ մասին։

– Պատրա՞ստ եք գլխավորել հայաստանյան ընդդիմությունը։

– Ես Հայաստանի ապագայի հետ կապված լուրջ անհանգստության հիմքեր ունեմ։ Դա ինձ դրդում է փորձել ազդել այդ գործընթացների վրա։ Թե որքանով դա ինձ կհաջողվի, ցույց կտա ժամանակը, սակայն կարծում եմ, որ իմ անցած ուղին և փորձը թույլ կտան հայկական քաղաքականության մեջ նշանակալի դեր խաղալ։

– Մինչև Ձեր դեմ քրեական գործ հարուցելը, Դուք քաղաքականություն վերադառնալու ցանկություն չէիք հայտնել։ Համենայն դեպս, Դուք հայտնեցիք այդպիսի մտադրության մասին, հենց Ձեր դեմ մեղադրանք առաջադրվեց։ Այդ իրադարձություններն ինչ-որ կերպ կապվա՞ծ են, թե՞, ամեն դեպքում, մենք գործ ունենք երկու զուգահեռ գործընթացների հետ։

– Զուգահետ գործընթացներ են, սակայն դրանք խթանեցին մեկը մյուսին։ Հայաստանի իրավիճակի և դրա զարգացման հնարավոր տարբերակների հետ կապված անհանգստությունն ինձ դրդեց այդպիսի որոշում կայացնել դեռևս մինչև ինձ կալանավորելը։ Այստեղ մի մեծ հարց էլ կա․ քրեական գործը հայտնվեց ինքն իրե՞ն, թե՞ այն բանի արդյունքում, որ իշխանությունները նկատեցին իմ ակտիվությունը՝ այն գնահատելով որպես քաղաքական գործընթացներին մասնակցելու ձգտում։ Այստեղ հավի և ձվի առաջինը լինելու դասական պարադոքսն է։ Ես դեռևս մինչև այդ քրեական գործը, բավականին ակտիվորեն խորհրդակցում էի քաղաքացիների հետ, քաղաքական գործիչների և նրանց հետ, ովքեր կիսում են իմ անհանգստությունը։

– Կարելի՞ է ասել, որ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի՝ Ձեր հանդեպ ոչ բարեկամական գործողություններն արագացրին գործընթացը։

– Անկասկած, արագացրին։ Հնարավոր է՝ ամեն ինչ ավելի երկար տևեր. ես ցանկանում էի մինչև վերջ հասկանալ, ամեն դեպքում, ինչ է տեղի ունենում Հայաստանում․ չէ՞ որ ապրիլյան իրադարձությունները բավականին անսպասելի էին։ Սովորաբար, այդպիսի գործընթացներն
ունենում են մեծ իներցիա։ Մեր ժողովուրդն էմոցիոնալ է, նրան հեշտ կարելի է ոգեշնչել, մանիպուլացնել նրա զգացմունքները, սակայն պետք էր հասկանալ՝ որքան կայուն կլինի ողջ գործընթացը։

– Ձեր դեմ քրեական գործով ինչ-որ նորություն կա՞։ Դուք ասել եք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հայց եք պատրաստում: Նիկոլ Փաշինյանն էլ կոչ է արել հոգեբանորեն պատրաստվել «մարտի մեկի գործի» բացահայտմանը։ Ի՞նչ չգիտի հանրությունը։

– Նորություն չկա։ Վարչապետը դեռևս օգոստոսին հայտնեց, որ 2008 թվականի մարտի մեկի իրադարձությունների հարցով քրեական գործն ամբողջովին բացահայտված է։ Սակայն, որքանով ես տեղյակ եմ, 2008 թվականի մարտի մեկի իրադարձությունների հետևանքով 10 մահացածներից ոչ մեկի գործով քննչական մարմինները ոչինչ չեն պարզել։ Ինձ հայտնի չէ՝ ինչ նկատի ուներ նա այդ հայտարարությամբ։

Չի կարելի այդ քրեական գործի բացահայտման մասին խոսել, եթե չեն պարզվել 10 մարդկանց՝ երկու ոստիկանների և 8 քաղաքացիների մահվան մեղավորները։ Այժմ իմ փաստաբանները Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայց են պատրաստում անմեղության կանխավարկածի կոպիտ խախտման, դատարանի վրա ճնշում գործադրելու և ամբողջական պաշտպանության համար խոչընդոտներ ստեղծելու բոլոր փաստերով։ Դա միջանկյալ դիմում է, քանի որ քրեական գործով Եվրոպական դատարան դիմելու համար պետք է անցնել
ներպետական բոլոր դատական ատյաններով։

– Ամեն դեպքում, Հայաստանի քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը հրապարակավ ասել է, որ այդ իրադարձությունների առաջին զոհը սպանվել է հատուկ նշանակության ուժերի կողմից։

– Բացարձակ անհեթեթություն։ Ձեզ հիշեցնեմ, թե երբ է դա ասվել՝ այն օրը, երբ համացանցում հրապարակվեց նրա և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի խոսակցության սկանդալային ձայնագրությունը։ Նրանք հապշտապ մամուլի ասուլիս հրավիրեցին, շատ բաներ ասացին, որոնցից հետագայում հենց իրենք հրաժարվեցին՝ վկայակոչելով եզրակացությունների շտապողականությունը։ Այդ մամուլի ասուլիսի ողջ իմաստն այն էր, որպեսզի ինձ վրա որքան հնարավոր է շատ կեղտ գցեն և դրանով
պաշտպանվեն։

Տարրական էթիկան հուշում է, որ տեղի ունեցածից հետո նրանք պետք է ինձնից, գեներալ Յուրի Խաչատուրովից ներողություն խնդրեին, իսկ հետո հրաժարական տային այդ խոսակցության բովանդակության, դատարանի վրա ճնշում գործադրելու, ստի և շատ այլ բաների համար։ Այդպես կլիներ ցանկացած իրավական պետությունում, սակայն ինչպես տեսնում ենք, Հայաստանում ունենք այն, ինչ ունենք։ Հեղափոխությունը դրա ժամանակը չունի։

ՀՔԾ ղեկավարի՝ Ձեր հիշեցրած հայտարարության մասով․ նա վկայակոչեց 2008 թվականի մարտի մեկի երեկոյան տեղի ունեցած իմ մամուլի ասուլիսը, որի ժամանակ իբրև թե ես ասել եմ, որ արդեն կա սպանված ոստիկան։ Եվ իբրև թե հատուկ նշանակության ուժերը սպանել են Ներքին զորքերի զինվորին, որպեսզի հաստատեն իմ արած արտահայտությունը։ Դրանից հետո համացանցում հրապարակվեց իմ այդ մամուլի ասուլիսի ամբողջական ձայնագրությունը, որի ժամանակ ես նման բան չեմ ասել։ Ավելին, լրագրողի հարցին, թե արդյոք կա՞ն սպանվածներ, ես այն ժամանակ պատասխանեցի, որ այդպիսի տեղեկություններ չունեմ, գիտեմ 8 վիրավոր ոստիկանի մասին։

ՀՔԾ ղեկավարությունը ստիպված եղավ հերթական անգամ անհաջող կերպով ճմռթել և կուլ տալ իր հայտարարությունը։ Ահա այսպիսին է այն մարդու պրոֆեսիոնալ մակարդակը, ում վստահված է տասը տարվա վաղեմության այդքան բարդ գործի բացահայտումը։
Ի դեպ, նա այսպիսի բաց տեղերի արդեն մի ամբողջ հավաքածու ունի։

Մանրամասներն՝ այստեղ