«Գործող իշխանությունները գտան ձևը՝ ոնց բերեն տապալված ԸՕ-ն այս դահլիճ։ ԸՕ-ն դռներից հանեցինք՝ ծխնելույզից նորից մտավ խորհրդարան։ Վարչապետն էլ հիմա երևի նստած նայում ու մտածում է՝ ինքը Հուլիոս Կեսարն է, ՀՀԿ-ն, «Ծառուկյան» խմբակցությունը, ՀՅԴ-ն ու «Ելքն» էլ գալլական ցեղեր են, հեսա իրար կուտեն, ինքն իր կայսրությունը կընդլայնի։ Չի լինելու նման բան, պարոն վարչապետ, այս քաղաքական պատասխանատվությունը բացառապես Ձեր վրա է՝ անկախ նրանից, թե քանի պատգամավոր կմոբիլիզացնեք այսօր քվեարկության համար։ ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու, քաղաքական կոնսենսուս չկա»,-այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։
Աշոտյանը հավելեց՝ այլակարծությունը սաբոտաժ չկոչել. «Սա սաբոտաժ չէ, քաղաքական դիրքորոշում է։ ԸՕ փոփոխությունները հրամցնել՝ որպես ժողովրդավարական բարեփոխում, ծաղր է ժողովրդավարության հանդեպ»։