«Խորհրդարանը տվեց իր քաղաքական գնահատականը և ապացուցեց, որ ինքը կառավարության պատանդը չէ։Սա ամենակարևոր եզրակացությունն է, որ կարող եմ անել այսօրվա քվեարկության մասին: ԱԺ-ի վրա կառավարության կողմից ներազդելու փորձը ձախողվեց»,- այս մասին ԱԺ-ում ԸՕ-ի փոփոխության նախագծի քվեարկության տապալումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:
Աշոտյանը նաև շեշտեց, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պետք է շնորհակալ լինի Հանրապետական կուսակցությանը, որը ցուցաբերեց քաղաքական սկզբունքայնություն և թույլ չտվեց, որ Հայաստանը, լինելով ԵԽ անդամ, նման վայրագ կերպով վերաբերվի Ընտրական օրենսգրքին:
«Այս տեսակետից տարօրինակ է և երևի փորձի պակասից է, ամբիցիաների ավելցուկի հետևանք է, երևի էյֆորիան դեռ չի անցել, երբ որ քաղաքական գործընթացներին, գործիչներ կան՝ կարող են վերաբերվել որպես լավություն կամ վատություն: Լավություն կամ վատություն մենք իրար էստեղ չենք անում, մենք կրում ենք պատմական պատասխանատվություն ՀՀ-ում պետականության ամրապնդման, իշխանության բոլոր ճյուղերի տարանջատման ամրապնդման և խորհրդարանի դերի ամրապնդման հետ կապված»,- ասաց Աշոտյանը:
Հարցին՝ ՀՀԿ-ն շանսեր ունի՞ հայտնվելու խորհրդարանում, նա պատասխանեց․ «Հանրապետականը ունի շանսեր խորհրադարանում հայտնվելու, այդ շանսերը պետք է լավագույնս օգտագործի։ Կան մարդիկ Հայաստանում, որոնք չեն վստահում Նիկոլ Փաշինյանին, կան մարդիկ նաև, որ հիասթափված են Հանրապետական կուսակցությունից։ Մեր նպատակն է լինելու այդ մարդկանց մեջ հույս արթնացնել:
Ընտրական գործընթացը Ռեալ-Բարսելոնա խաղը չէ: Այստեղ խոշոր հաշիվը չի նշանակում, որ պետությունը հաղթելու է: Քաղաքական բազմակարծության պարագայում ՀՀԿ-ի դերը քաղաքական դաշտում պետք է ամրապնդել որպես ազգային ընդդիմադիր քաղաքական ուժ: Մենք մեր էլեկտորալ հաշվարկներն ունենք, մեր դարդը մի՛ լացեք»։