Հյուրանոցային տնտեսությունն այսօր աշխարհում ամենաարագ տեմպերով զարգացող ոլորտներից է, բայց ոչ Հայաստանում, և չնայած նրան, որ 2000թ. ՀՀ-ում բացվել են 180-ից ավել հյուրանոցներ, միևնույնն է՝ ՀՀ բնակիչները ձգտում են արտերկրում հանգստանալ:
Ներկայում հայաստանյան պատկերը հետևյալն է՝ ունենք հյուրանոցային լուրջ տնտեսություն, սակայն մարդիկ նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել Եգիպտոսում, Թուրքիայում, Վրաստանում, շուկայական ներքին գների պատճառով: Ի դեպ՝ Թուրքիայում իրենց ամանորյա հանգիստն անցկացնողների թիվն այնքան էլ քիչ չէ՝ ի հեճուկս ոխակալ վերաբերմունքի: Դեպի Թուրքիա չվերթների կազմակերպման «հոգսն» իր վրա է վերցրել «Բագրատ Տուր» տուրիստական գործակալությունը և պարզվում է, որ հատուկ պայմանավորվածություն ունի Թուրքիայի հետ Երևան-Անթալիա-Երևան և Երևան-Ստամբուլ-Երևան չվերթ իրականացնել այն դեպքում, երբ Հայաստանը Թուրքիայի հետ չունի չվերթուղի:
«Ես Թուրքիայի հետ հատուկ պայմանավորվածություն ունեմ, որ մեզ մոտավորապես տարին մեկ՝ ինքնաթիռ են տրամադրում, էդ ամեն մեկը չի կարողանում անել: Ժողովրդին էլ ավելի հարմար է իքս գումարով գնալ Անթալիա և հանգստանալ 1 շաբաթ, քան թե նույն գումարով գնալ Ծաղկաձոր և մնալ 3 օր»,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում այսպես բացատրեց իր գործունեության ընթացակարգը «Բագրատ Տուր»-ի տնօրեն Բագրատ Նավոյանը, անդրադառնալով Հայաստան-Թուրքիա փոխհարաբերությանն ու պահանջարկին:
Ստացվում է նաև այնպես, որ չնայած Երևան-Ստամբուլ և Երևան-Անթալիա ավիաուղու բացակայության, «Բագրատ Տուր»-ը ջանք ու եռանդ չի խնայել այն ստեղծելու և սեփական բիզնեսն առաջ տանելու համար:
Ըստ «Բագրատ Տուր»-ի սեձփականատիրոջ՝ նա զբաղվում է դեպի Թուրքիա չարթերային թռիչքների կազմակերպմամբ, որպեսզի «չկպչի» մյուս տուրերի աշխատանքին: Սակայն ամենահետաքրքրականն այն է, որ Թուրքիայում իրենց հանգիստը վայելող հայերի քանակն այնքան էլ քիչ չէ, որքան որ թվում է՝ պետք է լիներ: Այսինքն՝ տուրիզմի ոլորտում չի գործում «հայու գենի» մոտիվացիան: Տուրիստական ոլորտի մասնագետ Նարինե Ղազարյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում վստահեցրեց, որ 2016թ. Ապրիլյան քառօրյայից հետո ՀՀ-ում գործող տուրիստական գործակալությունների մեծ մասը Թուրքիա չվերթեր չեն իրականացնում: Բայց հակառակ սրան՝ «Բագրատ Տուր»-ն էլ իր հերթին չի դադարում մարդկանց հրապուրելով՝ գովազդել թուրքական ավիատոմսերն ու հյուրանոցները՝ շեշտը դնելով էժան հանգստի վրա:
Մեր զրուցակցի համոզմամբ՝ առավել շատ չվերթեր են իրականացվում դեպի Եգիպտոս՝ կրկին մատչելիությունից ելնելով: «Մարդկանց ավելի շատ ձեռնտու է 50.000 դրամ ավել վճարել և գնալ Եգիպտոս՝ և՛ երկիր տեսնել, և՛ հանգստանալ, քան մնալ Հայաստանում»,-մանրամասնում է Նարինե Ղազարյանը:
Իսկ այն հարցին, թե արդյո՞ք հյուրանոցային ներքին շուկայական գները հարմար են զբոսաշրջիկների գրպանին, Ղազարյանը պատասխանեց. «Զբոսաշրջիկների համար հարմար գներ են, ինչը չեմ կարող ասել Հայաստանի բնակիչների մասով, սակայն այդ ամենը որոշում են հյուրանոցատերերը և դրա հետ պետք է հաշվի նստել»:
Վերջում նշենք, որ հյուրանոցներից բացի, Հայաստանում գործում են նաև հյուրանոցային տնտեսության այլ օբյեկտներ, ինչպիսիք են՝ հյուրանոցատիպ հանգրվանները, հանգստյան տները, առողջարաններն ու պանսիոնները:
Արմինե Միքայելյան