Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությանն անդամակցությունը դադարեցնելու և Նիկոլ Փաշինյանի թիմին միանալու մտադրության մասին: Իհարկե, Կոնջորյանն իր գրառման մեջ փորձել է իր հեռացումը կուսակցությունից ներկայացնել, որպես գաղափարական տարաձայնության արդյունք, իսկ այսօր արդեն լրագրողների հետ զրույցում հայտարարել է՝ թե «Ելք»-ը մեծ տուն էր, որը մի քանի սենյակ է ունեցել, և ինքը ընդհամենը մի սենյակից  անցել է մյուս սենյակ, ինչը, ըստ Կոնջորյանի՝  ճամբարափոխություն չէ, սակայն հարցերը, միևնույնն է, շատ են: Կոնջորյանը թերևս մոռացել է, որ երբ ստեղծվում էր նույն «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «ՔՊ»-ն կամ «Հանրապետություն»-ը՝ ԵԼՔ դաշինքը՝ Կոնջորյանի նշած «տունը», դեռևս գոյություն չուներ: Այն հետո դարձավ «տուն» իր սենյակներով հանդերձ, մինչդեռ այսօր այդ «տունը» փլուզվել է: Ըստ էության, երիտասարդ Կոնջորյանը դեռևս չի յուրացրել  արդարանալու նուրբ արվեստը, և նրա բերած հիմնավորումները առնվազն ծիծաղելի են...
 
Եթե խնդիրները և հարցերը զուտ գաղափարական դաշտում էին, այդ դեպքում ինչու՞ էր Կոնջորյանը շարունակում մնալ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում, երբ նրանք չմիացան հեղափոխությանը կամ ինչու՞ չհեռացավ կուսակցությունից, երբ մամուլում համառ լուրեր էին շրջանառվում, որ իր ներկայացրած կուսակցությունը նախկին իշխանությունների հետ ոչ հրապարակային սերտ կապեր է ունեցել։ Գուցե չհեռացավ այն պարզ պատճառով, որ անգամ Կոնջորյանի մտքով չէր անցնի, որ Փաշինյանի գլխավորած հեղափոխությունը վերջնական հաղթանակի կհասնի: Ի դեպ՝ Կոնջորյանը իր բռնած ճանապարհին միայնակ չէ: Այս ընթացքում փաստացի ճամբարափոխ է եղել նաև «Լուսավոր Հայաստան»-ի մեկ այլ կարկառուն անդամ՝ Մանե Թանդիլյանը, ով ըստ էության լքեց հարազատ կուսակցությունը՝ գործադիրում իր աշխատանքները շարունակելու նպատակով:
 
Մի քանի քաղաքական հարթակներ ու բևեռներ փոխելը նախկինում արժանանում էր հանրային պարսավանքի: Հիմա ոչ ոք չի զարմանում, թե ինչպես կարող են իրենց այս կամ այն կուսակցությանը հավերժ նվիրաբերած մարդիկ հայտնվել այլ կուսակցություններում, կես ճանապարհից սեպարատ կուլիսային բանակցություններ վարել այլ քաղաքական ուժի հետ, իսկ վերջիններս էլ` գրկաբաց ընդունել նրանց: Իրականում, «Լուսավոր Հայաստան»-ը չի լինելու միակ կուսակցությունը, որին դավաճանում են իբրև թե հանուն իդեալների, սակայն՝ մանդատի համար, ու Հայկ Կոնջորյանը կամ Մանե Թանդիլյանը չեն լինելու առաջին ու վերջին քաղաքական «փախստականները», ովքեր պատեհապաշտությունը համարելու են առաջխաղացման միակ սանդուղքը։
 
 Աբսուրդը հասել է այնտեղ, որ մարդիկ իրենց պարտքն են համարում հրապարակավ հայտարարել, թե նստած միտք են անում` այդ պահին ո՞ր կուսակցությանն անդամագրվեն` ընտրություններին մասնակցելու ու ավելի հեշտ խորհրդարան մտնելու համար: Տարիներ շարունակ, կուսակցական դաշտը վերածվել էր պարզունակ ցատկահարթակի, որի վրա կարելի էր ոչ միայն ազատ ցատկոտել աջ ու ձախ, այլև հրապարակային ցուցադրություններ կազմակերպել: Թվում էր՝ Նոր Հայաստանում այս հարցում ևս իրավիճակ է փոխվել, սակայն արի ու տես որ նման վարքագիծը այսօր ևս ոչ միայն հանդուրժվում է իշխող կուսակցության կողմից, այլև խրախուսվում է: Ստացվում է՝ ՔՊ-ն պարզապես բռնել է ՀՀԿ-ի ճանապարհը, մինչդեռ՝ ըստ էության՝ նոր Հայաստանի և նոր սերնդի համար, որը հավակնում էր նաև արժեհամակարգային հեղափոխություն անել՝ այս երևույթը պետք է լիներ խորթ և միանշանակ մերժելի: Ինչպես ասում են՝ հեղափոխությունն է ափսոս...
 
 
Ս.Խաչատրյան