ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրեթե կրկնակի բարձրացրել է նախարարության ենթակայության տակ գտնվող 4 ՊՈԱԿ-ի և 8 ՓԲԸ-ի տնօրենների աշխատավարձերը:
Նախարարության լրատվության ծառայությունից ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում աշխատավարձերի բարձրացումն այսպես մեկնաբանեցին. «Նախարարությունն ուսումնասիրել է ամսական աշխատավարձերի դրույքաչափերը և հիմք ընդունելով կազմակերպությունների շրջանառության ծավալները՝ որոշել է բարձրացնել նշված տնօրենների աշխատավարձերը»: Մեր այն դիտարկմանը, թե բավականին բարձր է տնօրենների փոփոխված աշխատավարձերի չափը, ինչը ենթադրում է, որ նախարարությունը բավականին մեծ բյուջե ունի, իսկ ինչպե՞ս պետք է լուծվի մյուս աշխատակիցների աշխատավարձերի հարցը՝ նախարարության լրատվության ծառայությունից նշեցին, որ դեռևս հստակ ոչինչ չկա այդ մասով. «Նախարարությունը այդ հարցը ևս կքննարկի, սակայն ոչ մի հստակ բան ասել դեռևս չենք կարող»:
Նշենք, որ ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պաշտոնն ստանձնելուց հետո, ըստ մամուլի մի շարք հրապարակումների, ակտիվորեն աշխատանքի է տեղավորում իր մտերիմ ընկերներին, որոնցից մեկը Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցն է: Ի դեպ, Դավիդյանցն այն տնօրենների շարքում է, որոնց աշխատավարձը ևս կրկնակի բարձրացել է՝ 350.000 դրամից դառնալով 710.000 դրամ:
Նախարարի մյուս ընկերն է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանը, ով վերջերս տեղի ունեցած սկանդալային միջադեպից հետո աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նախարարին:
Նշենք, որ ՀՀ ԱԺ պատգամավորների աշատավարձը 661 հազար 400 դրամ է:
Արմինե Միքայելյան