Հայաստանի Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններում ներառված է լինելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում: Նոյեմբերի 1-ի ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց նույն խմբակցության պատգամավոր, ՔՊ-ի անդամ Ալեն Սիմոնյանը:
«Հայկ Կոնջորյանի՝ մեզ միացումը շատ դրական եմ գնահատում: Շատ սպասված էր, նա մեր լավ գործընկերն է: Նա լինելու է մեր ցուցակում»,- հայտարարեց Սիմոնյանն ու վստահեցրեց, որ Կոնջորյանը եղել է այն գործընկերը, ով մշտապես կիսել է իրենց սկզբունքային դիրքորոշումներն ու սատարել:
Սիմոնյանը նշեց, որ «Լուսավոր Հայաստան»-ն «այլ որոշում էր կայացրել, նա էլ, լինելով կուսակցության անդամ, դուրս էր եկել»:
Ցուցակի տեղերի հետ կապված քննարկում դեռ տեղի չի ունեցել: Սիմոնյանը վստահեցրեց, որ այն մտավախությունները, թե իբր «ՀՀԿ-ին նախկինում ձայն բերողները» լինելու են ՔՊ-ի ցուցակում, բացառված է: «Կարծում եմ, որ մեծ անակնկալներ չեն լինի: Մի սպասեք, որ լինելու են այնպիսի անուններ, որոնք քննադատության են բերելու և կասկածի տակ են դնելու մեր սկզբունքայնությունը»,- եզրափակեց Սիմոնյանը:
Հայկ Կոնջորյանը հոկտեմբերի 31-իմ հայտնել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից դուրս գալու մասին: