ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը համամիտ է այն դիտարկմանը, որ շատ պոտենցիալ ներդրողներ ներդրումներ կատարելու համար սպասում են Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքներին:

Նա այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

 

«Ես համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի այն դիտարկմանը, որ ներդրողները սպասում են խորհրդարանական ընտրություններին: Կլինի անպայման ներդրումային որոշումների արագացում»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:

Նա շեշտեց՝ ակնհայտ է, որ շատերը սպասում են ընտրությունների արդյունքներին:

 Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ գնահատվում է, որ համախառն կուտակումը տնտեսության մեջ մյուս տարի կաճի վեց տոկոսով, դա նշանակում է, որ մոտավորպես հանրագումարով կհասնի տասնինը տոկոսի:

Խաչատրյանը փաստեց, որ ներդրողների ցանկությունների մակարդակում քննարկումներ միշտ լինում են: Հիմնական ներդրումները մասնավոր ներդրումներն են:

Նախարարի պաշտոնակատարը նկատեց, որ բոլոր ներդրումային գործողություններն իրականացվում են այնտեղ, որտեղ կանխատեսելիություն կա: