Իսրայելահորդանանյան հարաբերություններում վերջին շրջանում նկատվող լարվածությունը թուլացնելու նպատակով Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է սկսել «Կարմիր ծով-Մեռյալ ծով» նախագծի իրականացումը, որով նախատեսվում էր Կարմիր ծովից ջուրը տեղափոխել Մեռյալ ծով, ինչն էլեկտրաէներգիայով ու խմելու ջրով կապահովեր Իսրայելը, Հորդանանը և Պաղեստինը: 2013թ. դեկտեմբերի 9-ին այս երեք երկրները ստորագրեցին «Երկու ծովերի ջրանցքի» շինարարությունը մեկնարկելու վերաբերյալ համաձայնագիր, սակայն այն այդպես էլ կյանքի չկոչվեց բյուրոկրատական խոչընդոտների, ֆինանսական խնդիրների, Հորդանանի և Իսրայելի հարաբերություններում ժամանակ առ ժամանակ նկատվող լարվածությունների պատճառով: 10 մլրդ դոլար արժողությամբ այս նախագծի իրականացումը վերջին անգամ սառեցվել էր Իսրայելի կողմից 2017թ. նոյեմբերին, երբ նույն թվականի հուլիսին Ամմանում Իսրայելի դեսպանի տան անվտանգության աշխատակցի կրակոցից սպանվել էին երկու հորդանանցի:
Իսրայելը նախօրեին արած իր հայտարարությամբ փորձում է թուլացնել երկու երկրների դիվանագիտական լարվածությունը և բանակցել հողերի վարձակալության հավելվածը երկարաձգելու շուրջ, որը չեղարկելու մասին ավելի վաղ հայտարարել էր Հորդանանի թագավորը: Աբդալլահ 2-րդը երկրում տիրող ներքին լարվածությունը թուլացնելու նպատակով հոկտեմբերի 21-ին Ամմանում բարձրաստիճան հորդանանցի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ չի երկարաձգելու Իսրայելի հետ 1994թ. կնքած պայմանագրի այն հավելվածը, որով Ալ-Բաքուրա (եբր. Նահարայիմ) և Ալ-Ղամր (Զոֆար) տարածքները 25 տարով վարձակալության հիմունքներով անցնում էին Իսրայելի վերահսկողության տակ: 1994թ. խաղաղության պայմանագրով Հորդանանը Եգիպտոսից հետո արաբական երկրորդ երկիրն էր, որ ճանաչեց Իսրայել պետությունը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շատ հանգիստ արձագանքեց Հաշիմյան թագավորության այս հայտարարությանը՝ նշելով, որ Հորդանանի հետ հարաբերություններն ամուր են, և կբանակցեն պայմանագիրը երկարաձգելու հարցի շուրջ: Հորդանանյան կողմը ավելի ուշ հայտարարեց, որ բանակցությունների հրավեր չի ստացել, իսկ եթե ստանա, ապա կքննարկեն միայն այն չեղարկելու քայլերը:
Նեթանյահուի տեսակետն Իսրայելում ոչ բոլորն են կիսում. գյուղատնտեսական նպատակներով օգտագործվող բարեբեր այս բնակավայրերի «կորուստը» թեև սարսափելի չէ հրեական պետության համար, սակայն Իսրայելի գյուղատնտեսության նախարարի կարծիքով՝ հարկավոր է պատասխան պատժիչ քայլերի դիմել և Ամմանին մատակարարվող ջրի հաճախականությունը կրճատել՝ շաբաթական 4 անգամից դարձնելով 2 անգամ: Դժգոհ են նաև տեղի գյուղատնտեսներն ու ֆերմերները. հյուսիսում տեղակայված Ալ-Բաքուրան և հարավում գտնվող Ալ-Ղամրը ջրով հարուստ գյուղատնտեսական տարածքներ են, այստեղ աճեցնում են սեխ, պղպեղ, լոլիկ, որոնք նաև արտահանվում են:
Աբդալլահ 2-րդ թագավորն իր այս որոշմամբ փորձում է թուլացնել թագավորությունում աճող բողոքի ալիքը, նվազեցնել արմատական տրամադրությունների աճը: Հոկտեմբերի 18-ին Ամմանում տեղի ունեցած ցույցի ժամանակ ցուցարարները պահանջել են տնտեսական և սահմանադրական բարեփոխումներ անցկացնել երկրում, հաստատել խորհրդարանական ժողովրդավարություն, վերացնել կոռուպցիան, ինչպես նաև Հորդանանի ինքնիշխանությունը վերականգնել սահմանին գտնվող տարածքների նկատմամբ՝ չեղյալ հայտարարելով Իսրայելի հետ խաղաղության պայմանագիրը: Բացի այդ, Հորդանանի խորհրդարանի մոտ 90 պատգամավոր վարձակալությունը չերկարաձգելու վերաբերյալ փաստաթուղթ էր ստորագրել:
Հարկ է նշել, որ երկու պետությունների հարաբերությունները հաստատումից ի վեր ժամանակ առ ժամանակ սրվել են: 1996թ. Բենիամին Նեթանյահուի վարչապետ ընտրվելուց հետո, երբ վերջինս հայտարարեց Հորդանան գետի Արևմտյան ափում և Գազայի հատվածում իսրայելական բնակավայրերն ընդլայնելու և Երուսաղեմի իսլամական սրբավայրերի շրջանում, մասնավորապես, Տաճարի լեռան միջով ստորգետնյա թունել փորելու մասին, երկու պետությունները հարաբերությունները լարվեցին: Պատճառն այն էր, որ 1994թ. խաղաղության պայմանագրով, Երուսաղեմի իսլամական սրբավայրերի խնամակալությունը Հորդանանի հովանավորության տակ էր անցել: Հորդանանա-իսրայելական հարաբերությունների հաջորդ լուրջ սրացումը գրանցվեց 1997թ. սեպտեմբերին, երբ Ամմանում Իսրայելի հատուկ ծառայությունները (Մոսադ) անհաջող մահափորձ իրականացրեցին Հորդանանի քաղաքացի, «ՀԱՄԱՍ» կազմակերպության քաղբյուրոյի նախագահ Խալեդ Մաշալի նկատմամբ: Հորդանանա-իսրայելական հարաբերություններում նկատված ամենալարված շրջաններից մեկը կապված էր 2014թ. Ալ-Ակսայի ճգնաժամի հետ, երբ Իսրայելի ոստիկանությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, մուսուլման հավատացյալների առաջ փակեց Ալ-Ակսա մզկիթի մուտքը: Ըստ Հորդանանի իշխանությունների՝ Իսրայելը հատել է կարմիր գիծը, ինչից հետո Իսրայելից հետ կանչեց իր դեսպանին, ով Իսրայել վերադարձավ միայն 2015թ. սկզբին: Հաջորդ միջադեպը գրանցվեց 2017թ. հուլիսին, երբ Իսրայելի դեսպանի տան անվտանգության աշխատակցի արձակած կրակոցից սպանվեց թագավորության երկու քաղաքացի: Այդ դեպքից մինչև 2018թ. հունվարը Ամմանում փակ էր Իսրայելի դեսպանությունը: Հարաբերությունները կարգավորվեցին միայն այն բանից հետո, երբ Իսրայելը պաշտոնապես ներողություն խնդրեց կատարվածի, ինչպես նաև 2014թ. հորդանանցի դատավորի սպանության համար: Հորդանան-Իսրայել հարաբերությունների վրա իր հետքը թողեց նաև պաշտոնական Վաշինգտոնի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն և դեսպանություն այնտեղ տեղափոխելու որոշումը, որին ի պատասխան 2017թ. դեկտեմբերին Հորդանանի խորհրդարանը հաստատեց Իսրայելի հետ պաշտոնական կապերը վերագնահատելու համար հանձնաժողով ստեղծելու նախագիծը, որով նախատեսվում էր նաև վերանայել խաղաղության համաձայնագիրը: Երկու երկրների հարաբերությունները, կարծես թե, կարգավորվեցին 2018թ. հունիսին, երբ գրեթե 4 տարի ընդմիջումից հետո Ամմանում կայացավ Նեթանյահուի ու Ադբալլահ 2-րդի հանդիպումը:
Ինչևէ, հողերի վերաբերյալ թագավոր Աբդալլահ 2-րդի այս քայլը դրական արձագանք ստացավ ինչպես շարքային քաղաքացիների, այնպես էլ խորհրդարանականների կողմից: Հորդանանցի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները վկայում են, որ որոշումը վերջնական է, իսկ Իսրայելը, ամենայն հավանականությամբ, չի պնդի դրանք վերադարձնելու անհրաժեշտությունը և չի ապակայունացնի հարևան երկրում ստեղծված իրավիճակը, որի հետ սերտ համագործակցում է նաև անվտանգության ոլորտում: Ամմանի այս որոշումը, հնարավոր է, նաև ազդակ էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավորարևելյան ծրագրին՝ համաձայն որի Հորդանանին և Պաղեստինին առաջարկվում էր համադաշնություն ստեղծել, թեև պաշտոնական Վաշինգտոնն ավելի ուշ հերքեց այդ տեղեկությունը: Աբդալլահ 2-րդը, ամենայն հավանականությամբ, ցանկանում է շեշտել, որ պաղեստինցի ժողովրդի կողքին է և Արևելյան Երուսաղեմը պետք է հռչակել Պաղեստինի մայրաքաղաք:
Արմինե Բեյբության