Սփյուռքի մի շարք համայնքներում լուրջ դժգոհություն է հասունանում՝ պայմանավորված նախարար Մխիթար Հայրապետյանի աշխատանքով, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ չաշխատելով պայմանավորված: Սփյուռքի մեր հայրենակիցները, ովքեր թավշյա հեղափոխության օրերին ժամանել էին Հայաստան և ակտիվորեն մասնակցում էին խաղաղ անհնազանդության ակցիաներին, այսօր փոքր-ինչ սրտնեղած են, որ նախարարությունը նրանց մոռացության է մատնել: Գուցե Մխիթար Հայրապետյանը շատ ավելի լուրջ գործե՞ր ունի, ինչպես, օրինակ, բլոտ խաղալը, կամ տեսահոլովակներում նկարահանվելը, սակայն ինչպես ասում են՝ աշխատանքն էլ չի սպասում:
Նախարարը գրչի մեկ շարժումով վերացրեց իր նախորդի գրեթե բոլոր նախաձեռնությունները, փակեց գրեթե բոլոր ծրագրերը՝ պատճառաբանելով կոռուպցիոն ռիսկերով: Մինչ օրս նախարարը հաշվետու չի եղել, թե այդ ինչ ռիսկեր էին և որքանով էին դրանք հիմնավորված, որ անչափ հաջողված ծրագրեր փակելու անհրաժեշտություն ի հայտ եկավ: Իրականում, Հայրապետյանի պահվածքը շատ ավելի մեծ հարված է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քան՝ անգամ՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի «չեպեները»՝ իր խնամի-ծանոթ-բարեկամ կադրերով հանդերձ: Հարված է այն առումով, որ մենք գործ ունենք սփյուռքի և սփյուռքի չգնահատված ներուժի հետ, որը, նախարարի ջանքերով՝ գնալով ավելի ու ավելի է հիասթափվում նոր Հայաստանից և հեղափոխությունից:
Եվ եթե վաղը Նիկոլ Փաշինյանը դիմի սփյուռքին՝ կոչ անելով ներդրումներ անել հայրենիքում՝ սփյուռքի մեր հայրենակիցները կունենան բարոյական իրավունք՝ անտեսելու այդ կոչը, ինչպես որ իրենց և իրենց խնդիրներն են այսօր անտեսվում Փաշինյանի նախարարի կողմից: Թերևս երիտասարդ նախարարին թվում է, որ իր աշխատասենյակում նստած, Սկայպի միջոցով ամիսը մեկ անգամ կես ժամ զրուցելով սփյուռքի ներկայացուցիչների հետ՝ նա այդպիսով լուծում է վերջիններիս խնդիրները: Խնդիրներ, որոնց մասին նախարարը մեծ հաշվով տեղյակ էլ չէ, հակառակ դեպքում՝ փոքր-ինչ ավելի ջանասիրաբար կկատարեր իրեն վստահված աշխատանքը: Եթե պետությունն այսօր ի վիճակի չէ նյութական-տեխնիկական օժանդակություն ցուցաբերել սփյուռքի համայնքներին, ապա բարոյական աջակցությանը, ուշադրության ցուցաբերմանը առնվազն ունակ են, ավելին՝ պարտավոր են այն ցուցաբերել...