Քաղաքագետ Արկադի Վարդանյանն այսօր առավոտյան համաներման կիրառմամբ ազատ է արձակվել: Տեղեկությունը ԼՈւՐԵՐ․com—ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ՔԿԾ հանրային կապերի բաժնից։

Այստեղից տեղեկացրին նաև, որ Արկադի Վարդանյանի պատժաչափը կրճատվել է և նա համաներմամբ ազատ է արձակվել:

 

Հիշեցնենք, որ 2014 թ․ հոր սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող Արսեն Ավետյանը դատապարտվել է 11 տարվա, իսկ քաղաքագիտության դոկտոր, ՌԴ քաղաքացի Արկադի Վարդանյանը՝ նույն մարդու թունավորման փորձի համար՝ 10 տարվա ազատազրկման: Արկադի Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, որում և ճանաչվել է մեղավոր:

Նշենք, որ ԱԱԾ կողմից իրականացված միջոցառումների արդյունքում 2013թ. մայիսի 18-ին Երևան քաղաքում ձերբակալվել էին Արսեն  Ռոբերտի Ավետյանը և Արկադի Արշավիրի Վարդանյանը, որոնք կասկածվում էին Արսեն Ավետյանի հոր` Ռոբերտ Աբրահամի Ավետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ: Ըստ ձեռք բերված տվյալների` Արսեն Ավետյանը և Արկադի Վարդանյանը պլանավորել, միջոցներ են ձեռք բերել և պայմաններ ստեղծել Ռոբերտ Ավետյանին թունավորելու միջոցով նրա գույքին տիրանալու համար:

Իրավասու մարմինների կողմից օրենքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգի  շրջանակներում ստացված  տեղեկությունների հիման վրա դեռևս 2013թ. մայիսի 17-ին հարուցվել էր  քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասին 7-րդ և 8-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով սպանության  նախապատրաստություն):