Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ հոր սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող Արսեն Ավետյանը դատապարտվեց 11 տարվա, իսկ քաղաքագիտության դոկտոր, ՌԴ քաղաքացի Արկադի Վարդանյանը 10 տարվա ազատազրկման։ Գրում է «Փաստինֆո»-ն:

 

Սույն գործով երրորդ ամբաստանյալ Վարուժան Սաֆտալյանն էլ դատարանի դատավճռով դատապարտվեց 4 տարվա ազատազրկման։ Այդպիսով, դատարանը հիմնավորված համարեց Ավետյանի հոր սպանությունը նախապատրաստելու համար առաջադրված մեղադրանքը։

 

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արսեն Ավետյանը իմանալով, որ հայրը՝ Ռոբերտ Ավետյանը, իր առանձնատան հաշվառումից հանել է նրան ու որդուն, առանձնատանն ու մյուս գույքին տիրանալու շահադիտական դրդումներով՝ ծրագրել է իր հոր սպանությունը՝ «հանցավոր համաձայնության» գալով Արկադի Վարդանյանի հետ, ստացել սպանության այլընտրանք չլինելու և բարոյահոգեբանական առումով արդարացված լինելու հարցում վերջինիս հավանությունը:

 

Ա.Վարդանյանն առաջարկել է կամրջից ցած կամ գետը նետելու տարբերակը, սակայն ընտրությունն, ըստ մեղադրական եզրակացության, կանգ է առել հոգեմետ նյութերի մեծ չափաբաժնով ծնողին թունավորելու՝ Արսեն Ավետյանի առաջարկի վրա՝ մշտապես հոր կողմից օգտագործվող հանքային ջրում այն լուծելու եղանակով:

 

Հոգեմետ դեղամիջոց ազալեպտինի 3 հաբ Արսեն Ավետյանը ձեռք է բերել իր ծանոթ, ամբաստանյալ Վարուժան Սաֆտալյանի միջոցով: Վերջինս այն ձեռք էր բերել հոգեբուժական դիսպանսերում հաշվառված հիվանդ Էդուարդ Ասատրյանի օգնությամբ, ով պատահաբար նստել էր իր տաքսի ավտոմեքենան: Ավելի ուշ Ա.Ավետյանը խնդրել է կրկնապատկել հաբերի թիվը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ ամբաստանյալներից անկախ պատճառներով. Ազգային անվտանգության մարմինները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպքը:

 

Ըստ Արկադի Վարդանյանին առաջադրված մեղադրանքի, նա իր գործողություններով օժանդակել է շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստությանը, իսկ Վարուժան Սաֆտալյանը 500 հազար դրամ պարտք լինելով Արսեն Ավետյանին՝ պարտավորված է եղել ինչ-որ կերպ օգտակար լինել վերջինիս և իր ուղևորի միջոցով ձեռք բերել երեք հաբ հոգեմետ դեղ:

 

Սակայն ավելի ուշ՝ տեսնելով Արսեն Ավետյանի վճռականությունը և սթափվելով, որևէ այլ գործողություն չի արել, սակայն նաև չի հայտնել իրավապահ մարմիններին նախապատրաստվող ծանր հանցագործության մասին:

 

Շարունակությունը' այստեղ: