ՀՀ առողջապահության նախարարության ծախսերը հաջորդ տարվա բյուջեի նախագծով նախատեսվում է ավելացնել: Միջոցների զգալի մասն ուղղվելու է առաջնային օղակի դերի բարձրացմանն ու ծառայություների որակի բարելավմանը:
ԱԺ-ում 2019 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:
«Հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծով նախատեսվում է առողջապահության նախարարությանը հատկացնել 88.6 մլրդ դրամ՝ առանց կառավարման ապարատի պահպանման ծախսերի: Այն կազմում է պետական բյուջեի 5.4 տոկոսը, իսկ ՀՆԱ-ի՝ մոտ 1.30 տոկոսը: Այս տարվա նկատմամբ ծախսերն ավելանալու են 8.1 մլրդ դրամով կամ 10.1 տոկոսով՝ առանց վարկային և դրամաշնորհային միջոցների: Այդ միջոցները հաջորդ տարի նվազելու են 2.1 մլրդ դրամով, ծախսերը կավելանան 10.2 մլրդ դրամով»,-ասաց Թորոսյանը:
Նրա խոսքով՝ եկող տարի առողջապահության ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է լինելու հանրային առողջապահական ծառայություների կատարելագործմանը, հիվանդությունների կանխարգելմանը, առողջ կենսակերպի համար պայմանների ստեղծմանը: Պետության առաջնահերթություններից են լինելու առողջության առաջնային պահպանման, մոր և մանկան առողջության, վերարտադրողական ծառայությունների ապահովման խնդիրները: Դրամական միջոցներն ուղղվելու են առողջության առաջնային պահպանման, հանրային առողջության պահպանման, մոր և մանկան առողջության պահպանման, սոցիալապես ապահով և առանձին խմբերի անձանց բժշկական օգնության, ոչ վարակիչ հիվանդությունների բժշկական ծառայությունների ապահովման, վարակիչ հիվանդությունների կանխարգելման ծրագրերին:
Թորոսյանը վստահեցրեց, որ առաջնային օղակի դերի բարձրացումն ու ծառայությունների որակի բարելավումը նախարարության գերակա խնդիրներից են լինելու: Դրան են ուղղվելու բյուջետային միջոցների 29. 5 տոկոսը, կամ 26.1 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նկատմամբ զգալիորեն ավելացել է: