Նոյեմբերի 1-ին Յուքոմ ընկերությունն իր բաժանորդներին տեղեկացրեց, որ իրավատիրոջ պահանջով՝ ընկերության հեռուստատեսային ցանցում դադարեցվում է ՀՀ հեռուստադիտողներին հասանելի Շանթ հեռուստաալիքի վերահեռարձակումը։

Ընկերության այս հայտարարությունը մտահոգել է Յուքոմի եւ Շանթի բազմաթիվ բաժանորդներին, որոնք, փաստորեն, զրկվում են բաց եթերի տարբերակով Յուքոմի ցանցով Շանթ հեռուստաընկերության հաղորդումները դիտելուց:

 

Իրականում, Յուքոմի ցանցով Շանթ հեռուստաընկերության հեռարձակման խնդիրը երկու ընկերությունների ներսում ավելի վաղ էր ծագել: Մոտ մեկուկես տարի առաջ, երբ Արմենիա հեռուստաընկերությունը պայմանագիր կնքեց Յուքոմի հետ՝ հրաժարվելով բոլոր տեսակի կաբելային ցանցերից, այդ ժամանակ էլ սկսվեց «պրեմիում» հեռուստաալիքների ստեղծումը, ինչը որոշակի դժվարություններ առաջացրեց Շանթ TV-ի համար: 

Մեր տեղեկություններով՝ նույն առաջարկը մեկ տարի շարունակ ստացել է Շանթ TV-ն: Յուքոմ ընկերությունն առաջարկել է որոշակի գումարի դիմաց համագործակցել բացառապես իրենց հետ, հրաժարվել մնացած կաբելային ցանցերից: Իսկ Շանթ TV-ին, իմանալով Յուքոմ-Արմենիա TV կապի մասին, ձգտել է ամեն կերպ խուսափել համագործակցությունից:

Այսօր Շանթ հեռուստաընկերության հաճախորդների սպասարկման բաժնի ղեկավար Պարգեւ Առաքելյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ կաբելային ցանցերից միայն Յուքոմից են դուրս եկել, իսկ բացի վերոնշյալից՝ կան այլ կաբելայիններ, որոնց միջոցով Շանթ հեռուստաալիքը դարձյալ հեռարձակվում է: Հեռուստադիտողները կարող են բաժանորդագրվել Ռոստելեկոմին եւ դարձյալ ունենալ Շանթի համապետական եւ մասնագիտացված բոլոր ալիքները:

 

«Մեր ստրատեգիական գործընկեր է ընտրվել Ռոստելեկոմը, որի հետ զարգացվում է մասնագիտացված ալիքների փաթեթ, որոնք նիշային ալիքներ են, պահանջարկ ունեցող ու թարմացվող: Էլեկտրոնիկայի վաճառքի ցանկացած կետից կարելի է ձեռք բերել մի քանի հազար դրամ արժեցող DVB-T2 ազդանշան ընդունող սարքը, որին կմիանա սովորական ալեհավաքը: Միացնելով հեռուստացույցին՝ հեռուստադիտողները կունենան Շանթի համապետական եթերն անվճար դիտելու հնարավորություն: Ո՛չ պրեմիում ալիքները»,-ասաց Պարգեւ Առաքելյանը:

Պարգեւ Առաքելյանի խոսքով՝ երկու համեմատաբար խոշոր կաբելային ցանցերից՝ (Ռոստելեկոմ եւ Յուքոմ) մեկի հետ էին ստիպված համագործակցել, եւ ընտրությունը կատարել են Ռոստելեկոմի օգտին:

ՀԺ-ի հարցին, թե ինչով էր դա պայմանավորված, Պարգեւ Առաքելյանն ասաց, որ Ռոստելեկոմի հետ ավելի հեռանկարային համագործակցություն են տեսել. «Մեր ընտրությունը նաեւ կապված է շուկայում բալանս ապահովելու հետ, որովհետեւ եթե Յուքոմ ընտրեինք, այս դաշտում էլ ամեն ինչ կմոնոպոլիզացվեր, Յուքոմը կունենար հայկական ամենախոշոր երկու հեռուստաընկերությունների սիգնալ»:

Վերջինս նաեւ նշեց, որ ֆինանսական տեսանկյունից էլ Ռոստելեկոմի առաջարկն ավելի խելամիտ է եղել, որը իրենց թույլ կտա զարգացնել նիշային մասնագիտացված ալիքները: «Յուքոմի առաջարկով մենք ի վիճակի չէինք, իրենց առաջարկած գումարը շատ փոքր էր, անգամ ծիծաղելի, քանի որ բյուջեի առյուծի բաժինը տրամադրում էր Արմենիային»,-ասաց Պարգեւ Առաքելյանը:

Վերջինիս փոխանցմամբ՝ Յուքոմով Շանթի հեռարձակումը սկզբի տարիներին անվճար է եղել, վերջին մեկ-երկու տարին են սկսել սիմվոլիկ գումարի շուրջ պայմանավորվել, ինչը եղել է Յուքոմ-Արմենիա համագործակցությունից հետո: Շանթ հեռուսատաընկերության փոխանցած տվյալներով՝ սիմվոլիկ պայմանագրերը եղել են ամսավճարով, 3 հազարից 5 հազար դրամի սահմաններում գումար է փոխանցվել Շանթին:

Յուքոմ ընկերությունից ճիշտ հակառակը պնդեցին: Ընկերության մարկետինգի եւ հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը ՀԺ-ի հետ զրույցում վստահեցրեց, որ բավականին մեծ գումարներ են տրամադրել Շանթին: Ավելին՝ նշեց, որ Շանթի HD որակով հեռարձակման կազմակերպչական աշխատանքներն իրականացվել են բացառապես Յուքոմ ընկերության հաշվին՝ պատշաճ հեռուսատապատկեր ապահովելու նպատակով:

Յուքոմից հետաքրքրվեցինք նաեւ վերջին մեկ տարում պարբերաբար Շանթ հեռուստաընկերությանը առաջարկած համագործակցության իսկության մասին:

Տիգրան Սաֆարյանը վստահեցրեց, որ նմանատիպ պնդումն աբսուրդային է: «Անգամ այս պահին դուք կարող եք տեսնել Ռոստելեկոմի կայքում արված հայտարարությունը, որ Շանթ հեռուստաընկերությունն այսուհետեւ HD որակով հնարավոր է դիտել միայն Ռոստելեկոմ ցանցում: Այսինքն, եթե նման հայտարարություն է արվում, այստեղ խոսք չի կարող գնալ նույնիսկ փոքր կաբելային ընկերությունների մասին»,-ասաց Տիգրան Սաֆարյանը:

Արդյո՞ք Շանթն իսկապես պայքար է սկսել կաբելային ցանցերի մոնոպոլիզացման դեմ, թե ընդամենը գնացել է Ռոստելեկոմի առավել շահավետ առաջարկի հետեւից, քանի որ Յուքոմի հետ համագործակցությունը պարզապես որպես բիզնես ձեռնտու չէր: Երկկողմանի այս արդարացումների ֆոնին մի բան հստակ է՝ Շանթի բացառապես Յուքոմի հետ համագործակցությունը մեծ դիսբալանս էր ստեղծելու կաբելային ցանցերի գործունեության մեջ:

Եթե Շանթ TV-ն էլ հետեւեր Արմենիա TV–ի օրինակին եւ պայմանագիր կնքեր Յուքոմ ընկերության հետ, ապա հանրապետությունում Յուքոմը կլիներ երկու խոշոր հեռուստաընկերությունների դիստիբյուտորը եւ դժվար չէ պատկերացնել, թե ինչ արագություն կզարգացներ վերջինս եւ ինչպես կտարածվեր հանրապետությունով մեկ՝ հետ մղելով ցանկացած տեսակի կաբելային ցանցի:

Աղբյուրը՝ armtimes.com