Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը (WWF-Հայաստան) ս.թ. նոյեմբերի 9-ին համագործակցության հուշագիր են ստորագրել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից, համաձայն հուշագրի WWF-Հայաստանը «Ընձառյուծի պահպանությունը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում պարտավորվել է աջակցել Տեսչական մարմնին՝ ցուցաբերելով նյութատեխնիկական աջակցություն, ինչպես նաև կազմակերպել դասընթացներ և վարժանքներ, որոնք կնպաստեն Տեսչական մարմնի Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի տարածքային բաժինների աշխատակիցների կարողությունների և հմտությունների բարելավմանը։

«Անդրսահմանային միացյալ քարտուղարության» ծրագրի շրջանակներում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին տրամադրվել է նաև ամենագնաց ավտոմեքենա՝ պահպանվող տարածքներում համապատասխան մոնիթորինգ իրականացնելու համար։

Տեսչական մարմինն իր հերթին, պարբերաբար իրականացնելու է շրջայցեր վերոհիշյալ տեսակների ապրելավայրերի պահպանության և որսագողության դեմ պայքարելու նպատակով: