Օրերս դատավորների շրջանում իրարանցում է սկսվել։ Նրանց մոտ մտահոգությունները կապված են ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հետ, որով փորձ է կատարվում կտրուկ նվազեցնել դատավորի անկախության սոցիալական երաշխիքները: Ըստ նախագծի՝ առաջարկվում է սահմանել կենսաթոշակի առավելագույն շեմ՝ նվազագույն կենսաթոշակի 10-ապատիկի չափով, որը կիրառվելու է նաև դատավորների նկատմամբ։ Դատավորների շրջանում այն զայրույթ է առաջացրել, նունիսկ, որոշ տեղեկությունների համաձայն, գործադուլ անելու ցանկություն առաջացրել։

ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակիցը դատավորների կենսաթոշակի նվազեցման, դրա հնարավոր հետևանքների վերաբերյալ զրուցեց ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի հետ։

 

Ներկայացնելով ստեղծված իրավիճակը՝ Հովհաննիսյանը պարզաբանեց․ «Կենսաթոշակի հետ կապված հարցը  սոցիալական ապահովության  երաշխիքներից է։ Հիմա, իհարկե, բոլորը՝ բանվորը, ուսուցիչը, գիտնականը, ովքեր աշխատում են՝ ունեն կենսաթոշակի իրավունք։ Դատավորն առանձնանում է, քանի որ նա  իշխանության առանձին ճյուղի ներկայացուցիչ է։ Ինչպես բոլորս գիտենք՝ դատավորն անկախ է։ Այդ անկախությունը ստեղծված է և մտածված է բազմադարյա սխալների և փորձերի արդյունքում՝ պետության և հասարակության համար, որովհետև մենք ուզում ենք մեր ունեցած վեճը լուծի մարդ, որն անկախ է բոլոր ազդեցություններից, հետևաբար, հենց հասարակության համար է կարևոր, որ դատավորն անկախ լինի»։

Հայկ Հովհաննիսյանի կարծիքով՝ վերոնշյալ անկախությունն ունի մի քանի կոմպոնենտներ, որոնցից մեկի մեջ մտնում է սոցիալական անկախության երաշխիքը, որովհետև դատավորը, ինչպես մնացած մարդիկ, մտածում է իր ապագայի մասին՝ ի՞նչ կարող է լինել, եթե հիվանդանա, կամ՝ որպես բնության օրենք, ծերանա։

«Ապահովվածության գիտակցությունն ավելի անկախ է դարձնում դատավորի աշխատանքը, բայց, օրինակ, դատավորն իր աշխատանքներում, ի տարբերություն փաստաբանի՝ սահմանափակված է։ Եվ, ի տարբերություն մյուս մասնագիտությունների՝ դատավորն անընդհատ գտնվում է գայթակղության մեջ։ Հատկապես մեր հասարակությունում, որտեղ սովոր են այլևայլ ճանապարհներով հարցեր լուծել, անընդհատ դատավորին փորձելու են գայթակղել՝ տարբեր ձևերով։ Եթե դատավորը տեսնի, որ իր ապագան ապահովված չէ, կարող է որոշ ժամանակ անց գայթակղությանը չդիմանալ»,- ասաց ԲԴԽ անդամը։

 

Հարցին՝ հնարավո՞ր է նախագծի առաջ քաշումը ռիսկեր առաջացնի՝ Հովհաննիսյանը նկատեց, որ դա ռիսկեր առաջացրել է առաջին հերթին երիտասարդների շրջանում․ «Այսօր համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 50 ուսանողից մեկն է ցանկանում դառնալ դատավոր։ Փաստ է, որ այսօր դատավորի աշխատանքը գրավիչ չէ»։ 

Հայկ Հովհաննիսյանի կարծիքով, գուցե ֆինանսների պակասն է նման նախագծի առաջ քաշման պատճառը, սակայն զուգահեռներ անցկացնելով այլ պետությունների հետ՝ նշեց, որ դատավորների կենսաթոշակը կազմում է նչանց համախառն աշխատավարձի 70 տոկոսը։ Լուրջ խնդիր է նաև այն, որ դատավորի աշխատավարձը ցածր է․ «Եթե մենք ցանկանում ենք ունենալ անկախ դատարան, մենք պետք է անկախության բոլոր ատիրբուտներով օժտենք»։

Դիտարկմանը, որ լուրեր են շրջանառվում՝ դատավորները պատրաստվում են գործադուլ անել, ԲԴԽ անդամը պատասխանեց․

«Դատավորներն, իհարկե, մեղմ ասած՝ ուրախ չեն այս առիթով։ Սակայն մենք պետք է գնանք դատավոր-հասարակություն հաշտեցմանը։ Ես մի կարգախոս եմ ուզում առաջ քաշել, որը կլինի հեղափոխության հայտնի կարգախոսներից մեկի տրամաբանական շարունակությունը՝ «դատավորը մերն ա»»։

Հայկ Հովհաննիսյանը նաև նկատեց, որ 20-25 տարի դատավորներին խաղի կանոններ են թելադրվել, և երբ դատավորները փորձել են ինչ-որ բան անել՝ պատժվել են սուբյեկտիվ ձևով․ «Այս մարդկանց անընդհատ կշտամբել են, «գլխներին տվել են»»։

Հովհաննիսյանը նաև մտահոգություն հայտնեց, որ այսօր դատավորը հասարակության շրջանում ինքնըստինքյան նշանակում է կոռուպցիայի մեջ թաթախված վիճակ․ «Այս մտայնությունը պետք է հաղթահարել և ես խնդրում եմ՝ հանրությունն ու դատավորները քայլ անեն մեկը մյուսին ընդառաջ։ Կշտամբելով, թոշակ  կրճատելով՝ դժվար թե  անկախ դատական համակարգ կարողանանք կառուցել»,- ամփոփելով՝ նշեց Հայկ Հովհաննիսյանը։

Արմինե Արմենակյան