Նոր իշխանության օրոք էլ գործարար, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին ոչինչ չի խանգարում ընդլայնել բիզնեսները։ Չնայած վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, թե պատգամավորները չպետք է զբաղվեն բիզնեսով,  անգամ Սահմանադրությամբ է դա արգելված, այնուամենայնիվ, Սամվել Ալեքսանյանը, լինելով մի շարք խոշոր ընկերությունների սեփականատեր, շարունակում է նոր տարածքներ «գրավել» ու սուպերմարկետների ցանցը բազմացնել։

Գործարարը հիմա էլ 1800 քմ մակերես զբաղեցնող հերթական «Երևան Սիթի»-ն է բացում Խորենացի փողոցում այն դեպքում, երբ ընդամենը 500մ հեռավորության վրա՝ Տիգրան Մեծ փողոցում, արդեն իսկ ունի գործող «Սիթի»։ Նկատենք, որ Ալեքսանյանն ընտրել է հենց այն տարածքը, որտեղ արդեն իսկ գործում է Խաչատուր Սուքիասյանին պատկանող տարածքում կառուցված «Քարֆուր» սուպերմարկետը։ 

 

Ի դեպ, Սամվել Ալեքսանյանին է պատկանում նաև «Երևան Սիթի»-ի դուստր ձեռնարկություն համարվող «Կայզեր» սուպերմարկետների ցանցը, որի պատճառով բազմաթիվ փոքր ու միջին խանութներ ու կրպակներ են փակվել՝ բարձրացնելով գործազրկության մակարդակը։ 

Թեեւ նոր իշխանությունն անընդհատ թմբկահարում է հավասար պայմանների մասին, նկատենք, որ Ալեքսանյանին, ամեն դեպքում, հաջողվել է լեզու գտնել Փաշինյանի հետ։ Վերջինս էլ, փաստորեն, որևէ ձևով չի խոչընդոտում Ալեքսանյանին՝ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ Ավելին, իշխանության գալով, Փաշինյանի կառավարությունը պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերությանը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվեց: Հետաքրքրականն այն է, որ որոշման կայացման նախորդ օրը ԱԱԾ-ն Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի»-ում հարկերից խուսափելու խոշոր սխեմա էր բացահայտել։

Ստացվում է՝ Սամվել Ալեքսանյանը գործարարից վերափոխվել է սեփականատիրոջ և նրա նկատմամբ վերաբերմունք է փոխվել, ինչի մասին փաստում է նաև նրան պատկանող Աստղիկ ԲԿ-ի ակնաբուժական բաժանմունքի պաշտոնական բացման արարողությանը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ներկա գտնվելը: Ի դեպ, ակնաբուժական բաժանմունքում առաջին հետազոտվողը հենց ՀՀ Առողջապահության նախարարը եղավ։

Սոնա Հարությունյան