Վերջին օրերին Երևանի քաղաքապետարանը ակտիվորեն զբաղվում է ապօրինի շինությունների ապամոնտաժմամբ: Թեև որքանով են դրանք ապօրինի դեռևս լուրջ հարցականի տակ է, այն պարզ պատճառով, որ շինությունների սեփականատերերը հերթով դատի են տալիս քաղաքապետարանին հենց վերջինիս մեղադրելով ոչ օրինական գործողությունների մեջ: Բացի շենք-շինություններից ապամոնտաժվում են վահանակները, իսկ քաղաքապետարանը իր ֆեյսբուքյան էջով դեպքերի վայրից «լայվ» է մտնում և, ժանրի կանոնների համաձայն, հանրությանը ներկայացնում և լուսաբանում կատարված «ազգանվեր» գործը:
Իրականում, համաձայնեք, որ շենք-շինություն քանդելը, թերևս, ամենահեշտն է ինչին կարելի է միանգամից ձեռնամուխ լինել, երբ չունես քաղաքի զարգացման տեսլական և հայեցակարգ: Քանդելն էլ պրոցես է, ընդ որում, բավական ակտիվ և աշխատանքի իմիտացիա ստեղծով, հատկապես եթե մի երկու թուղթ է հաջողվում հավաքել, կցել իրար և շինությունը ներկայացնել որպես ապօրինի՝ հանրության աչքերում արդարացնելու սեփական անիմաստ զբաղմունքը: Թերևս, քաղաքապետարանը առաջնորդվում է քանդենք, իսկ հետո դատարանը թող որոշի՝ օրինական ենք քանդել թե՞ ոչ: Քաղաքապետարանի ապամոնտաժման տենդը անիմաստ է, քանի որ Երևանում կուտակված խնդիրներից առաջնայինը բնավ էլ ապօրինի շինությունները չեն՝ այլ տրանսպորտը, կարմիր գծերը , կիսաքանդ բնակֆոնդը, որը օր առաջ վերականգնման կարիք է զգում, չհաշված գալիք ձմեռվա գործոնը, երբ, ըստ էության, հերթական անգամ երևանցիները կանգնելու են փաստի առաջ՝ քաղաքապետարանի անպատրաստության ֆոնին:
Բայց արի ու տես, որ Նոր Հայաստանի առաջին քաղաքապետարանը գործի փոխարեն զբաղված է շոուներով: Դա սպասելի է, մի պարագայում, երբ քաղաքապետանը, փոխքաղաքապետերը շոու-բիզնեսի ներկայացուցիչներ են՝ հեռու քաղաքական մենեջմենթից և առանց կառավարման փորձի: Փաշինյանը բարիկադներ է ապամոնտաժում, քաղաքապետը՝ շինությունները, կարծես թե երկրում այլևս լուծելու խնդիր չի մնացել, բացի ամեն քաղաքական և հանրային օբյեկտ անխնա ապամոնտաժելուց…