«Իշխանափոխությունից հետո սպասումները նոր կառավարությունից չափազանց շատ են․ ինչու, որովհետև հեղափոխության լիդերները և վարչապետ Փաշինյանը շատ բարձր պլանկա էր դրել՝ թռիչքային զարգացում, Հայաստանում աղքատներ չեն լինելու, արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձ և այլն»,- այս մասին այսօր Աժ հերթական նիստում 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Շարմազանովը նշեց՝ արդյո՞ք այդ սպասումներն այս բյուջեով կարդարացվեն։ Շարմազանովը համամիտ չէ կառավարության այն կարծիքի հետ, որ սա իներցիոն բյուջե է և բացատրեց, թե ինչու․ «Իներցիոն է 2018 թվականի բյուջեն, որովհետև դա ընդունվել էր մեր իշխանության ժամանակ, Կարեն Կարապետյանի աշխատանքի ժամանակ և, բնականաբար, Փաշինյանի կառավարությունը տարվա երկրորդ կեսը ստիպված էր աշխատել այն իներցիոն բյուջեով, որը ներկայացրել էր ոչ թե իր, այլԿարեն Կարապետյանի կառավարությունը։ Շարմազանովն ասաց, որ չի կարող նոր կառավարության բյուջեն լինել իներցիոն։
Անդրադառնալով սպասումներին, նա ասաց․ «Ժողովուրդը 2019 թվականին ավելի լա՞վ է ապրելու, թե՞ ավելի վատ։ Այդ մարդիկ հրապարակ գնացել են նաև այն պատճառեով, որ վատ են ապրում։ Եթե 2018 թվականի բյուջեով 6․5 տոկոս տնտեսական աճ է գրանցվել, հիմա 4․9 տոկոս է։ Հիմա, ո՞ր դեպքում են լավ ապրում, 6․5 տոկոսի դեպքո՞ւմ, թե՞ 4․9-ի։ ասում էիք, որ 800 մլն դոլարով կավելացնեք բյուջեն, ո՞ւր է այդ բյուջեն, ասում էիք, որ ստվեր կա, ո՞ւր է այդ ստվերը»։