Արմավիրի մարզի Բագարան համայնքի բնակիչները շուրջ 40 տարուց ավել կանգնած են խմելու ջրի խնդրի առաջ և դույլերով ջուրը կրում են գյուղի 2 աղբյուրներից: 

Համայնքի բնակիչ Ավագ Փիլոյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասում է.«Մեզ մոտ մինչև հիմա քարե դարն է, մենք ձեռքերով ջուր ենք կրում գյուղի աղբյուրից: Համայնքապետն ու պատկան մարմիններն էլ բերաններս փակում են՝ ասելով, թե ֆինանսներ չունենք»: 

 

Բնակչի խոսքով՝ տարբեր մարզպետեր եկել խնդրին ծանոթացել են, սակայն որևէ կերպ չեն արձագանքել: «Մենք էլ ենք ուզում մարդավարի ապրենք, մեր տանը ջուր ունենանք, այսպես ո՞նց կլինի»,- ընդգծեց Ավագ Փիլոյանը:

Բագարանի համայնքապետ Գևորգ Մարգարյանը  մեզ հետ զրույցում կրկին նշեց, որ հիմնական պատճառը ֆինանսի բացակայությունն է, որի համար իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում դիմել է թե՛ մարզպետարան և թե՛ կառավարություն: 

«Բոլոր տեղերից մեզ ասում են սպասեք ու կլուծվի այդ հարցը: 10 տարի է այդ նույն պատասխանն են տալիս»,- ասաց համայնքապետը և հավելեց, որ իշխանափոխությունից հետո խնդրի վերաբերյալ դիմել է տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին և նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանին: 

Ըստ համայնքապետի՝ Միրիջանյանը փորձել է ինչ-որ քայլեր ձեռնարկել խնդրի լուծման հնարավոր տարբերակներ գտնելու հարցում, սակայն պաշտոնից ազատումը կրկին հուսախաբ  արեց:

Վերջում համայնքապետ Գևորգ Մարգարյանը նշեց, որ համայնքի խմելու ջրի հարցի լուծման համար անհրաժեշտ գումարը կազմում է շուրջ 60 միլիոն դրամ:

Արմինե Միքայելյան