Հայաստանի Գեղարքունիքի մարզ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցելությունը կատարվել է իր աշխատանքային գործունեության շրջանակում: Հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետի պաշտոնակատարը, պատասխանելով հարցին, թե արդյոք մարզ կատարած այցելությունը չի նշանակում քարոզարշավի սկիզբ և վարչական լծակի կիրառում, նշեց, որ իր պաշտոնավարման ամբողջ ընթացքում բազմիցս եղել է տարբեր մարզերում, և դա նորություն չէ:
«Գեղարքունիքի մարզ այցելելու համար որևէ մեկը սահմանափակված չէ, և քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներ, կարծեմ, ևս այցելում են: Ես տվյալ դեպքում այցելել եմ որպես վարչապետ: Վարչապետը քաղաքական կարգավիճակ է, և քաղաքական ասելիքներով եմ հանդես եկել քաղաքացիների հետ շփումների ընթացքում: Վարչական լծակի գործադրում ասելով՝ հասկանում ենք այն, որ ինչ-որ մի բան անում է մեկն իր վարչական ռեսուրսի բերմամբ, ինչը չի կարող անել մեկ ուրիշը: Հիմա որևէ մեկը սահմանափակվա՞ծ է Գեղարքունիքի մարզում մարդկանց հետ հանդիպելու, շփվելու հարցում: Կարծում եմ, որ ոչ: Ես ավելացնեմ, որ վարչապետի պաշտոնում բազմիցս եղել եմ տարբեր մարզերում, հանդիպում եմ ունեցել համայքնների ղեկավարների, ներկայացուցիչների հետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: