Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արձակուրդ է վերցրել: Տարածված հաղորդագրության համաձայն՝ վարչապետն այդ քայլին է դիմել նախընտրական գործընթացում ավելի ակտիվ մասնակցություն ունենալու նպատակով: Իրականում, սակայն, վերջին պահին Փաշինյանի մտափոխվելը ստիպում է մտածել, որ պատճառը ոչ այնքան ներքին դաշտում է, որքան արտաքին: Բանն այն է, որ վաղը Մինսկում պետք է կայանա ԵԱՏՄ երկրների վարչապետերի հերթական նիստը, և երկար ժամանակ փորձագետները ջանում էին վերլուծել ինտրիգը՝ կմեկնի՞ Փաշինյանը Մինսկ և կառերեսվի Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ, թե՝ ոչ: Երեկ այդ ինտրիգը հանգուցալուծվեց, Փաշինյանի արձակուրդ վերցնելը ևս պետք է դիտարկել վերոնշյալ խնդրի համատեքստում:
 
Հիմա արդեն Հայաստանը ունի ֆորմալ առիթ՝ Մինսկ գործուղելու առաջին փոխվարչապետին: Այն, որ կայացվեց նման որոշում և այն, որ որոշումը կայացվեց վերջին պահին՝ խոսում է ընթացող կուլիսային բանակցությունների և դրանց հակասական բնույթի մասին: Ըստ երևույթին՝ այդ բանակցությունները ՌԴ միջնորդությամբ շարունակվում են, սակայն այս պահին Փաշինյան-Լուկաշենկո հանդիպումը դեռևս չի հասունացել: Հայաստանն այս ընթացքում դրսևորել է հարաբերությունները կառուցողական հուն վերադարձնելու ցանկություն, որն արտահայտվել է ինչպես Բելառուսի ԱԳՆ-ին փոխադարձ կոշտ հայտարարությամբ պատասխանելուց զերծ մնալու, այնպես էլ երեկ կայացած մանկական Եվրատեսիլին Բելառուսի մասնակցին ամենաբարձր՝ 12 միավորը շնորհելու տեսքով, ինչը, անկասկած, ժեստ էր Բելառուսին, սակայն՝ ոչ փոխադարձ:
 
Դեռևս հասկանալի չէ՝ ինչպես կլուծվի ՀԱՊԿ-ում ի հայտ եկած լարվածությունը՝ իրավակա՞ն, թե՞, այսպես ասած՝ քաղաքական հարթության մեջ: Միևնույն ժամանակ, հասկանալի է, որ ցանկացած զարգացման դեպքում պատասխանատվության ողջ բեռն ընկնելու է Հայաստանի ուսերին: Այս տեսանկյունից՝ Փաշինյանի Մինսկ չմեկնելը նաև նպատակ է հետապնդում ՀԱՊԿ-ում առկա լարվածությունը չտեղափոխել ԵԱՏՄ տիրույթ, որտեղ, չնայած առկա որոշ տարաձայնություններին՝ գործը լարվածության դեռ չի հասել:
 
Եվ վերջապես՝ գուցե գործ ունենք հոռետեսական սցենարի հետ, երբ առ այսօր ՀԱՊԿ-ում ստեղծված ճգնաժամի հանգուցալուծումը գտնված չէ, ու Բելառուսի և Հայաստանի ղեկավարները խոսելու բան առանձնապես չունեն։
 
Ս.Խաչատրյան