«Շատ կարևոր է Արցախյան հարցում լարվածության թուլացումը, ինչը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանավոր բանակցությունների արդյունքն է։ Շփման գծում մենք աննախադեպ հանգիստ վիճակ ենք արձանագրել հեղափոխությունից հետո»,-այս մասին այսօր, «2018 Հարավային Կովկասի համար բեկումնայի՞ն տարի» միջազգային կլոր սեղանի ժամանակ հայտարարեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ նկատեց, որ այդ հարաբերությունները բարձր մակարդակով շարունակում են զարգանալ:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը թեմայի վերաբերյալ նշեց, որ Արցախն Ադրբեջանին հարկավոր է ոչ թե որպես ինքնավար տարածք, այլ ամբողջությամբ և հենց Ադրբեջանի կազմում. «Նրանց 2-րդ քայլը Արցախին հասնելուց հետո, լինելու է Երևանին մոտենալը»:
Քննարկվեց նաև Թուրքիա-Ադրբեջան փոխօգնության թեման և նշվեց, որ մեր հիմնական թուլությունը նաև այստեղ է կայանում: Այնուհետև պատմաբան և քաղաքագետ Արմեն Այվազյանը պաշտպանության նախկին նախարարին հարցրեց, թե ինչու մինչ օրս չեն հրապարակվել տվյալները, թե ինչ մասնացություն է եղել Արցախյան պատերազմում, ի՞նչ օգնություն են թուրքական զինված ուժերը ցուցաբերել Ադրբեջանին, պատճառը գուցե այն է, որ մենք մինչ օրս չունենք Թուրքիայի մասով մշակված ընդհանուր ռազմավարություն, որը թույլ կտար ընդհանրացնել նաև այս տվյալները. Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց. «Համամիտ եմ, որ տարածաշրջանում տեղի են ունեցել ահռելի տրանֆորմացիաներ, որոնց մենք որևէ կերպ չենք արձագանքում, մինչդեռ Հայաստանի համար վտանգի հիմնական գործոնը Թուրքիան է, ոչ թե Ադրբեջանը: Հենց այդ պատճառով էլ ազգային անվտանգության ռազմավարության մեջ այդպես էլ նշվում է՝ որ Հայաստանի համար թիվ մեկ վտանգը գալիս է թուրք-ադրբեջանական դաշինքից»:
Քննարկմանը մասնակից բոլոր կողմերը վերջում կարծիք հայտնեցին նաև, որ հայ-ռուսական հարաբերությունների լավացումը միայն օգուտ կտա հայկական կողմին:
Արմինե ՄԻքայելյան