Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 28-ին։ Նշենք, որ ի սկզբանե որպես ընտրությունների անցկացման հնարավոր ամսաթիվ շրջանառվում էր դեկտեմբերի 2-ը, սակայն ԿԸՀ-ն ընտրությունները նշանակել է նոյեմբերի 28-ին, որն աշխատանքային օր է։ Օրվա փոփոխությունը լուրջ քննարկումների ու բանավեճի առիթ է դարձել։ Չնայած ԿԸՀ-ն որոշում է կայացրել, որ Վրաստանի սահմաններից դուրս քվեարկությունը շարունակվելու է տեղական ժամով մինչև կեսգիշեր, այնուամենայնիվ, ըստ ընդդիմադիրների՝ այն կարող է խնդիրներ առաջացնել արտերկրում բնակվող քաղաքացիների համար։

Նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով երկրորդ փուլ են անցել Սալոմե Զուրաբիշվիլին, ում աջակցում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, և Գրիգոլ Վաշաձեն, ով «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր դաշինքի առաջնորդն է և նախկին նախագահ Մ. Սահակաշվիլիի կողմնակիցը: Հետաքրքրական է, որ առաջին փուլում այս մրցակիցները ստացել են գրեթե հավասար ձայներ՝ Ս. Զուրաբիշվիլին 38,4%, Գ. Վաշաձեն՝ 37,73%:

Ըստ Edison Research ամերիկյան ընկերության կողմից անցկացված վերջին սոցհարցումների՝ ընտրությունների երկրորդ փուլում հարցվածների 52%-ը պատրաստ է քվեարկել Վաշաձեի օգտին, իսկ 48%' Զուրաբիշվիլիի։ Սակայն Վրաստանում փորձը ցույց է տալիս, որ ընտրությունների արդյունքների վրա կարող է ուղղակի ազդեցություն ունենալ ընտրության նախորդ 1-2 օրը կատարվող ցանկացած իրադարձություն։

Այս փուլում Գ. Վաշաձեն հավակնում է ստանալ ընդդիմադիր ընտրազանգվածի աջակցությունը։ Հատկանշական է, որ նրան սատարում է ընդդիմադիր մի քանի կուսակցություն, այդ թվում՝ մեծությամբ երկրորդ «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը։ Ինչ վերաբերվում է Ս. Զուրաբիշվիլիին, ապա նա ունի իշխող թիմի աջակցությունը և չի բացառվում, որ իշխանության կողմնակիցներն իրենց քվեն տան հենց այս թեկնածուին։ Իշխող կուսակցության ներգրավվածության ցայտուն դրսևորումներից է այն, որ ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ Զուրաբիշվիլիի նախընտրական պաստառների վրա հայտնվել են նաև «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի լուսանկարները։

Այս ընտրություններն աչքի են ընկնում մի քանի հանգամանքներով՝

Վրաստանի պատմության մեջ նախագահական ընտրությունները նախկինում երբեք երկու փուլով չեն ընթացել,
սրանք նախագահական վերջին ուղղակի ընտրություններն են,
Վրաստանի նախագահն առաջին անգամ պետք է ընտրվի վեց տարով (առ այսօր նա ընտրվում էր հինգ տարով),
երկու թեկնածուներն էլ Մ. Սահակաշվիլիի կառավարությունում զբաղեցրել են ԱԳ նախարարի պաշտոնը,
երկու թեկնածուներն էլ առաջին փուլում գրեթե հավասար արդյունք են գրանցել։
Թեկնածուների՝ քարոզարշավի համար ընտրված ռազմավարությունը ևս շատ հետաքրքիր է։ Թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխող կուսակցությունը նախընտրական այս ակտիվ շրջանում հանդես են գալիս ռուսամետ դիրքորոշում ունենալու փոխադարձ մեղադրանքներով։ Եթե Զուրաբիշվիլին շեշտում է, որ ինքը Վրաստանը Վաշաձեին և Ռուսաստանին չի «զիջելու», ապա Վաշաձեն ասում է, որ Վրաստանը չի կարող ունենալ նախագահ, որը կարծում է, թե «2008 թվականին Վրաստանն է պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ»։

Իշխող ուժի կողմից նախընտրական պայքարում կարևորում է Մ. Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հնարավոր վերադարձը թույլ չտալու խնդիրը։ Իշխանության ներկայացուցիչները տարբեր հոլովակների միջոցով քարոզում են, որ ընդդիմադիր թեկնածուի հաղթանակի դեպքում հնարավոր չի լինի խուսափել հեղափոխությունից, երկրի ապակայունացումից և քաոսից:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա ընտրապայքարի հիմնական շեշտը դնում է աղքատության և գործազրկության, ինչպես նաև կոռուպցիայի վրա, որն առկա է ներկայիս իշխանությունների «շնորհիվ»։

Ամփոփելով կարելի է փաստել, որ Վրաստանում նախագահական ընտրությունները ինչ-որ առումով հնարավոր է ուրվագծեն խորհրդարանական ընտրությունների ելքը, որոնք նախատեսվում են 2020 թվականին, միևնույն ժամանակ՝ ցույց տալով նաև իշխանության ու ընդդիմության հանրային աջակցության մակարդակը: Եթե նախագահի պաշտոնում Ս. Զուրաբիշվիլիի ընտրվելու պարագայում Վրաստանի քաղաքական կյանքում փոփոխությունների հավանականությունը փոքր է, ապա բավական հետաքրքիր իրավիճակ կարող է ստեղծվել Վաշաձեի հաղթանակի դեպքում: Ընդդիմադիր թեկնածուի ընտրությունը կստեղծի իշխանության երկատվածություն՝ դառնալով ինստիտուցիոնալ հակասությունների պատճառ։ Այնուամենայնիվ հարկ է նշել, որ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող Վրաստանում նախագահի պաշտոնում Գ. Վաշաձեի հաղթանակը դեռևս չի նշանակում իշխանափոխություն. առջևում խորհրդարանական ընտրություններ են, և ուժերի իրական վերադասավորումները կլինեն հենց այդ ժամանակ։

Ռոզի Միքայելյան