ԼՈւՐԵՐ․com-ին հայտնի է դարձել, որ «Լուսավոր Հայաստան»-ի համապետական ցուցակով 133-րդ համարը ներկայացնող պատգամավորի թեկնածու Արա Խաչատրյանը հետախուզման մեջ է։ Այս մասին տեղեկանում ենք Datalex.am կայքից, որտեղ մանրամասնվում է, որ Արա Խաչատրյանի նկատմամբ Պետական եկամուտների կոմիտեի կողմից 12․01․2017թ-ին ներկայացված դիմումի հիման վրա Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 05․06․2017թ-ի վճռով ճանաչվել է սնանկ։
Բացի այդ, հայտնի է դարձել, որ վերջինս նույն սնանկության գործի շրջանակներում ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության հարկադիր կատարողի որոշմամբ գտնվում է հետախուզման մեջ։ Դատական փաստաթղթերն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ Սնանկության մասին օրենքի համաձայն, Խաչատրյանի նկատմամբ մինչև վճիռ կայացնելը հայտարարվել է հետախուզում և կասեցվել է հայտնաբերելու հիմքով, սակայն չհայտնաբերվելուց երկու ամիս հետո դատարանը ստիպված վերացրել է կասեցումը ու վճիռ կայացրել։ Ի դեպ, մամուլում ժամանակին մեծ աղմուկ էր բարձրացել նրան առնչվող մեկ այլ գործի առնչությամբ, ըստ որի՝ Արա Խաչատրյանը բռնության է ենթարկել իր կնոջը, որի արդյունքում հարուցվել է քրեական գործ։ Ավելին, դեռևս այս տարվա հունիսի 28-ին պատգամավորի թեկնածուն մամուլի ասուլիս էր տվել «Արա Խաչատրյանի և Նաիրա Սմբատյանի ընտանեկան բռնության գործով դատավարության ընթացքը» թեմայով:
Դատական նիստերից մեկի ժամանակ Խաչատրյանի՝ արդեն նախկին կինը՝ Նաիրա Սմբատյանը, հայտարարել էր, որ ամուսնու կողմից պարբերաբար հոգեբանական և ֆիզիկական ճնշումների է ենթարկվել։ Իսկ հերթական վեճերից մեկի ժամանակ, երբ ցանկացել է վերցնել իր դեռ 3 տարեկանը չլրացած որդուն և հեռանալ տնից, ամուսինը սկսել է հարվածել՝ մյուս 3 աղջիկների մոտ ծաղրելով իրեն։
«Օգտվելով իմ կռացած դիրքից, հարվածեց քացով դեմքիս, հետո երեխաներին ասում էր՝ «Ինչ լավ կպավ չէ՞, ինչ լավ հարվածեցի, երեխանե՛ր, ծափահարե՛ք»։ Իսկ մինչ դա էլ, որ լացում էի, ասում էր՝ «երեխաներ, չզանգե՞նք գժանոց՝ գան մամային տանեն»»,- պատմել է Նաիրա Սմբատյանը։
Նշենք, որ պատգամավորի թեկնածու Արա Խաչատրյանը նաև ABC ընկերության հիմնադիրն է։