Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը տեղեկացրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի առողջական վիճակը նորմալ է: Իսկ թե ինչու՞ է Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվում բուժզննումից, Հովսեփ Խուրշուդյանի համար անհայտ էր:
Ինչ վերաբերում է այն կարծիքին, թե Հովիկ Աբրահամյանի և Վլադիմիր Գասպարյանի այցից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը խառնել է իշխանության խաղաքարտերը, Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ ժողովուրդն է խառնել իշխանության խաղաքարտերը:
Պաշտոնյաների այցերի և զրույցների մանրամասներ մասին հարցի համար էլ նա հորդորեց այդ հարցն ուղղել ԱԺ-ի կամ նախագահի լրատվական ծառայությանը:
Վաղը մեկնարկող քաղաքական ֆորումի առնչությամբ Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ այն քաղաքական հասարակության դրսևորումներից մեկն է, և ֆորումի շրջանակներում ցանկացած մարդ կարող է ներկայացնել իր գաղափարն ու տեսակետը:
Անդրադառնալով «Ժառանգության» ավագանու ընտրությունների համամասնական ցուցակին Խուրշուդյանն ասաց, որ այն կհրապարակվի առաջիկա օրերին:
Ինչ վերաբերում է Ազատության հրապարակում երեկ մեկնարակած Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաքին, Հովսեփ Խուրշուդյանը տեղեկացրեց, որ ստորագրահավաքին մասնակցած քաղաքացիների թիվը դեռևս հայտնի չէ, որովհետև հաշվարկ չի արվել, սակայն, ըստ նրա՝ մի քանի կգ ստորագրված ձևաթուղթ արդեն կա: