Սահմանամերձ 37 բնակավայրերում փաստացի հողօգտագործողներին աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքի համար պետական աջակցություն հատկացնելու հետ կապված հարաբերությունները կանոնակարգելու նպատակով կառավարությունը լրացում և փոփոխություններ է կատարել համապատասխան կարգում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նշեց, որ կարգով նախատեսվում է պետական աջակցություն ցուցաբերել միայն գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական անձանց' սեփականության կամ համայնքային հողերի վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթի հիման վրա։
«Մինչդեռ առկա են հողօգտագործողների կողմից առանց սեփականության կամ վարձակալության իրավունքի հողի փաստացի օգտագործման դեպքեր, ուստի անհրաժեշտություն է առաջանում այդ հողօգտագործողներին պետական աջակցություն տրամադրել համայնքի ղեկավարի տված տեղեկանքի հիման վրա։ Արդյունքում՝ այդ բնակավայրերի հողօգտագործողների համար կստեղծվեն հավասար պայմաններ, կբարձրանա վարելահողերի օգտագործման մակարդակը, գյուղացիական տնտեսությունների եկամուտները»,- ասաց նախարարի պաշտոնակատարը: