Երևանի կենդանաբանական այգու կոկորդիլոսներից մեկի անկման պատճառը քրոնիկ հիվանդությունն է եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի կենդանաբանական այգու գլխավոր անասնաբույժ

Հարություն Հովհաննիսյանը:

«Սատկած կոկորդիլոսի դիահերձման արդյունքում պարզ դարձավ, որ տվյալ կենդանին 10 և ավելի տարի շարունակ քրոնիկ հիվանդություն է կրել: Այս պահին ես չեմ բարձրաձայնի, թե կոնկրետ ինչ

հիվանդության մասին էր խոսքը: Լաբորատոր հետազոտությունների փորձաքննությունները ստանալուն պես

անպայման արդյունքները կհրապարակվեն: Միայն ես չեմ եղել դիահերձմանն, այլև գործընթացին մասնակցել են

Հայաստանի ագրարային համալսարանից, անասնաբուժական տեսչությունից: Նրանք ինձ հետ համակարծիք են եղել,որ կոկորդիլոսի անկման պատճառը եղել է քրոնիկ հիվանդությունը»,- նշել է Հովհաննիսյանը:

Նիդեռլանդների թագավորական կենդանաբանական այգու ներկայացուցիչ Յանոշ Շակոնն ասաց, որ կոկորդիլոսներն, ընդհանրապես, բավական ամրակազմ և ուժեղ կենդանիներ են, և այդ հիվանդության կլինիկական ախտանիշները տեսանելի չեն:

«Կենդանին վարքագծով չի կարողանում ցույց տալ, բացի այդ, կոկորդիլոսի ընդհանուր ստուգումը բարդ

պրոցեդուրա է, քանի որ նախ՝ հեշտ չէ բռնելը, իսկ քնեցնելու և ստուգելու դեպքում՝ անկման ռիսկ կա»,- նկատեց Յանոշ Շակոնը։