ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Եվսեևը չի կարծում, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ուղիղ կապի ստեղծումը կնպաստի ԼՂ տարածքում լարվածության նվազմանը, «Լազարևյան ակումբի» լիագումար նիստի ժամանակ հայտարարեց նա:
«ՀՀ-ում հիմա քննարկվում է այն հարցը, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ուղիղ կապի հաստատումը կնպաստի ԼՂ սահմանում լարվածության նվազմանը: Կարծում եմ, որ դա իրականությանը չի համապատասխանում», - նշեց նա:
Փորձագետը ընդգծեց, որ ներկայումս ԼՂ տարածքում ռազմական դրությունը բարենպաստ չէ Արցախի և ՀՀ բանակի համար, քանի որ Ադրբեջանի զինված ուժերն ունեն առավելություն սպառազինությունների քանակի տեսանկյունից:
«Հնարավոր եղավ լիկվիդացնել Ադրբեջանի սպառազինությունների առավելությունը ՌԴ-ից ՀՀ մատակարարված ժամանակակից սպառազինությունների շնորհիվ, մասնավորապես, «Իսկանդերի» ձեռքբերումը Հայաստանին հնարավորություն տվեց Բաքվին պատասխան հարված հասցնելու հարցը դնել, ինչը զսպող հանգամանք է Ադրբեջանի համար», - նշեց նա:
Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանը քայլեր է կատարում որակյալ սպառազինության ձեռքբերման համար, ինչի վկայությունն են Բելառուսից «Պոլոնեզ»-ի ձեռքբերումը, Իսրայելի հետ բանակցությունները:
«Եթե Ադրբեջանին հաջողվի որակական առավելություն գրանցել Հայաստանի ԶՈՒ-ի նկատմամբ, ականատես կլինենք լարվածության աճի: Ուզում եմ ընդգծել, որ սահմանի ցանկացած փոփոխություն կարող է հանգեցնել ոչ միայն անվտանգության գոտու, այլև Ղարաբաղի կորստին: Սահմանի փոփոխությունը, որը ենթադրում է տարածքի զիջում, Ադրբեջանին թույլ կտա գրավելու ողջ Ղարաբաղը: Ներկայիս իրավիճակի պահպանման համար Հայաստանն ու Ռուսաստանը սերտ համագործակցում են: Ցանկացած միտք, որը հարցականի տակ կդնի այս փաստը, կվտանգի իրավիճակը»,- նշեց Վլադիմիր Եվսեևը: