Այսօր ես պատրաստվում էի գնալ ԱԱԾ և հրապարակային հայտարարություն անել, որ իմ հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում, սակայն մինչ իմ գնալը ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ ցուցակի 3-րդ համար, ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը:
Նրա խոսքով՝ ներկայիս իշանության պարագլուխ Նիկոլ Փաշինյանն իրականացնում է քաղաքականություն, որն ինքը ձևակերպել է՝ «իշխանություն Արցախի փոխարեն»: «Ես ամսի 27-ի ասուլիսի ժամանակ եմ հայտարարություն արել Սասուն Միքայելյանի մասին, բայց ինձ կանչում են հիմա, քանի որ երեկ է հրահանգավորել վարչապետը։ ԱԱԾ-ից գրություն ստացել եմ երեկ երեկոյան, որտեղ նշված էր ներկայանալ ժամը 10:00-ին, սակայն ես ստորագրել եմ թուղթը ու գրել, որ կներկայանամ 13:00-ին: Քանի որ իմ նշած ժամից 1-2 ժամ առաջ հայտարարություն տարածեց ԱԱԾ-ն, արդեն անիմաստ եմ համարում ժամանակ կորցնել և գնալ այնտեղ: Ես գնալու էի՝ ասելու, որ իմ նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, որի հրահանգը տվել է արձակուրդում գտնվող վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը»,-նշեց նա:
Անդրադառնալով Փաշինյանին բանավեճի հրավիրելու իր արած առաջարկին, Շահնազարյանը նշեց․ «Նա կարող էր ընդունել իմ բանավեճի հրավերը և բարձրաձայնել, թե որտեղ եմ սխալվել: Բայց նա ասել է՝ գնա, Արցախի հարցը կքննարկես ԱԱԾ-ում: Էդ ինչի՞ վարչապետը վախեցավ գալ, հո չէ՞ր գալու ցուցմունք տալու: Ինքը ցուցմունք տալու է մեղադրյալի կարգավիճակով, դրանում կարող եք չկասկածել, սա սպառնալիք չէ, սա խոստում է», - ասաց նա։
Շահնազարյանը նաև հայտարարեց՝ ով ընտրի իշխող կուսակցությանը, նրա ձայնը կլինի կրակոց Արցախի վրա: