ԱԺ պատգամավոր ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը չի ցանկանում մեկնաբանել ՀՀԿ անդամ, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի այն մեկնաբանությունը, որ կրիմինալը պետական կառույցն է այսօր: Հովհաննես Սահակյանի խոսքով՝ ինքը չի մեկնաբանում Վ. Ղուկասյանի այս միտքը, քանի որ այն չի տեղավորվում քաղաքական գործընթացների մեջ:

Հիշեցնենք, որ երեկ նման հայտարարություն էր արել Վարդան Ղուկասյանը: Պատասխանելով այն հարցին, թե նրան ինչու են մեղադրում կրիմինալին առնչություն ունենալու մեջ՝ Վ. Ղուկասյանն ասել էր. «Պետական կառույցն է ամենաուժեղ կրիմինալն այսօր... Էդ խեղճերն ի՞նչ են արել, սաղ գաղութները չորցած-նստած են էլի էդ խեղճ տղեքը, ի՜նչ են արել... ո՞ւր ա կրիմինալ աշխարհ, 80 տոկոսը իրենց հետ կապված մարդիկ են»:

«Ես ինքս իշխանության մեջ եմ և ինձ իշխանավոր եմ համարում՝ որպես ՀՀԿ անդամ և ինձ կրիմինալ չեմ համարում: Եվ որևէ մեկը չի կարող ինձ կրիմինալ համարել»,- ասաց Հովհաննես Սահակյանը: ԳԱԼԱ-ի ճշտող այն հարցին, թե արդյո՞ք սա նշանակում է, որ Հովհաննես Սահակյանը միայն իր փոխարեն է խոսում և մեկնաբանում է միայն իր մասով, ՀՀԿ անդամը պատասխանեց. «Ո՛չ, ես ասում եմ՝ ցանկություն չունեմ նմանատիպ հայտարարությունը մեկնաբանելու: Ես այդ հարցի շուրջ չեմ ուզում մեկնաբանել, եթե տեղավորվեր քաղաքական գործընթացների մեջ, ես կմեկնաբանեի, քանի որ դա ինչ-որ անձի խոսք է, թողնում եմ առանց մեկնաբանության»:

Քրիստինա Մկրտչյան