Ազգային ժողովի նախընտրական քարոզարշավի շրջանակում երեկ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում տեղի ունեցավ իր բնույթով եզակի նախընտրական դեբատ' ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի լիդերների միջև:

Սա, ինչպես նշեցինք, եզակի էր, քանի որ նախկինում նման դեպք չէր գրանցվել, որ ընտրողները հնարավորություն ունենային լսելու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծրագրերն ու տեսլականը' բոլորինը միաժամանակ և առաջին դեմքերից:

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում երեկվա բանավեճը դրական երևույթ որակեց և համարեց կայացած. «Չնայած բանավեճը տեղ-տեղ էր, որոշ դեպքերում՝ լեզվակռիվ էր, ամեն դեպքում՝ ինչ-որ չափով երեկվա բանավեճն իր խնդիրը լուծեց: Պարզապես, ֆորմատը հնարավորություն չէր տալիս ավելի լրջորեն անդրադառնալ խնդիրներին, որովհետև ժամանակը քիչ էր, բայց դա եթերի առանձնահատկությունն էր և մրցակիցների մեծ քանակն էր», - ասաց քաղաքագետը:

 

Բաղդասարյանը նկատեց, որ երեկվա բանավեճում, պատրաստվածության առումով՝ մի քանի ուժեր էին հիմնական դերակատարները. «ՀՀԿ-ի, «Իմ քայլը» դաշինքի, ԼՀ-ի առաջին համարները լավ տպավորություն թողեցին, նաև «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջին համարն ակնհայտորեն պատրաստավել էր, և կարծում եմ' բանավեճի արդյունքում ավելի ճանաչելի կդառնա: Մյուսները ստանդարտ եկել էին ասելիք ասելու և իրենց ասածներում նորություն չկար»:

Քաղաքագետի կարծիքով՝ ուժերի մոտ պակասում էր ծրագրային բանավեճը. «Դա բանավեճ էր անձնանց միջև. ավելի արդյունավետ կլիներ, եթե բանավեճն ընթանար ծրագրերի միջև և կողմերը ներկայացնեին իրենց ծրագրերը և ոչ թե փորձեին սևացնել միմյանց կամ ինքնահաստատվել մեկը մյուսի վրա: Տեսականորեն, ավելի լավ կլիներ, որ մրցակցությունը լիներ ծրագրերի միջև»:

Ինչ վերաբերում է ընտրողների կողմնորոշմանը' Բաղդասարյանը նշեց, որ բանավեճը շատ արդյունավետ և դրական էր հատկապես նորաստեղծ և փոքր ճանաչում ունեցող ուժերի համար' չկողմնորոշված ընտրազանգվածին իրենց ծրագրերը ներկայացնելու առումով. «Հիմնականում ընտրազանգվածը կողմնորոշված է, չեմ կարծում թե այս բանավեճը որևէ բան փոխեր, բայց նորաստեղծ ուժերի համար հնարավորություն էր ներկայացնելու իրենց ծրագրերը, իրենց տեսակետը, որը, հնարավոր է՝ ընտրություններում նրանց համար քվե ապահովի»:

Ըստ քաղաքագետի' հիմնական պայքարում գտնվող ՀՀԿ-ի և «Իմ քայլի» առաջնորդների բանավեճից հասարակական կարծիքում որևէ էական տեղաշարժ չի եղել. «Գուցե լիներ, բայց ժամանակը քիչ էր, առարկայական բանավեճ չեղավ: Այդ բանավեճում կողմերից որևէ մեկը նոր փաստարկ չներկայացրեց. ներկայացվեց այն, ինչ ներկայացվել էր: Դրա համար՝ չեմ կարծում՝ որևէ բան փոխվի ընտրազանգվածի մոտ այդ բանավեճից հետո»:

Արմինե Արմենակյան