Մոդել Անիտա Հարությունյանը նոր ֆոտոշարք է թողարկել, չնայած որոշակի պասիվության։ Նա պատմում է, որ իր  լռությունը աշխատանքի ծանրաբեռնվածության արդյունք է։ Մի քանի ծրագրերում է ներառված և դեռ կհասցնի իր աշխատանքներով զարմացնել և հիացնել մարդկանց։

Չնայած քաղաքական թոհուբոհին, չպետք է նաև մոռանալ, որ շուտով Ամանոր է և մեկնարկել են ամանորյա նկարահանումները։ Անիտան մեզ պատմեց, որ ինքն այս տարի Երևանում է դիմավորելու 2019 թվականը, քանի որ ներառված է հետաքրքիր նկարահանումների և միջոցառումների ծրագրերում։

Մոդելը, ով հեղափոխական շրջանում դրական էր արտահայտվում հեղափոխության գաղափարին և առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, այսօր այլ դիրքորոշում ունի, նա ֆեյսբուքի իր էջում կիսվել է ՄԵՆՔ դաշինքի քարոզչական պաստառով։ Հետաքրքրվեցինք, արդյոք դա նշանակում է, որ կիսում է այդ դաշինքի գաղափարները, ինչ կարծիք ունի այս ընտրությունների վերաբերյալ։

Մոդելն ասաց, որ այս ընթացքում թեև լուռ է եղել, սակայն ուշի ուշով հետևել է բոլոր զարգացումներին և հակված է իր ձայնը տալ ՄԵՆՔ քաղաքական դաշինքին։

«Ես նրանց ծրագիրն եմ կարդացել, և կարծում եմ՝ բավականին իրատեսական և երկրի առաջխաղացմանը միտված ծրագիր է։ Սա այն բացառիկ ուժն է, որ մանրամասնորեն ներկայացրել է ծրագիր և ոչ թե՝ բաժակաճառ կամ բարի ցանկությունների օրագիր։ Բացի այդ՝ շատ կամային լիդերներ են հավաքված այդ դաշինքում։ Հույս ունեմ, որ նրանք կկարողանան անցնել խորհրդարան և օրենսդրական աշխատանքներում գործել ի նպաստ Հայաստանի։

Ես մաղթում եմ իմ հայ ժողովրդին այնքան գիտակցություն, որ չսխալվի և առաջիկա տարիների համար ճիշտ և արդար խորհրդարան ընտրի։ Ես կարծում եմ՝ ՄԵՆՔ-ի կազմում գտնվող մարդիկ հենց այդպիսին են և կարելի է հենց նրանց վստահության քվե տալ։