Երևանում 4/35 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ քվեարկել է հանուն ազատ Հայաստանի:
 
«Ես քվեարկել եմ այն Հայաստանի համար, որտեղ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ով պետք է լինի իր իշխանությունը»,- ասաց Արթուր Վանեցյանը:
 
ԱԱԾ տնօրենը նշեց, որ այս ընտրությունները Հայաստանի պատմության մեջ լինելու են աննախադեպ ու արդար: Ըստ նրա՝ Հայաստանի քաղաքացիները դրանում մի քանի ժամից կհամոզվեն:
 
«Հայաստանում օպերատիվ իրավիճակը վերահսկվում է, առայժմ արտառոց դեպքեր չեն եղել: Մեկ, երկու դեպք եղել է հոսանքազրկման հետ կապված, սակայն շատ արագ շտկվել է իրավիճակը: Ընտրակաշառքի մասին ոչ մի տեղեկություն չունենք, բոլոր ծառայությունները աշխատում են, եթե լինի դեպք՝ շատ արագ կարձագանքենք»,-ասաց Արթուր Վանեցյանը:
 
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Մասնակցող ուժերն են՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մենք» դաշինքը, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: