Համաձայան չեմ, որ ասում են ընդդիմություն չկա։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով ԱԺ ընտրություններին, խորհրդարան անցած ուժերին, ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
«Հասարակության մի զանգված մտածում է, որ ընդդիմությունը նա է, որ պետք է հայհոյի։ Ընդդիմությունը պետք է առաջարկի հարցերի լուծման տարբեր ճանապարհներ, քան ներկայացնում է իշխանությունը։ Սա է քաղաքական ընդդիմությունը։ Հիմա ասել՝ «Բարգավաճ Հայաստան»-ը կամ «Լուսավոր Հայաստան»-ը ընդդիմություն չեն՝ դա այդպես չէ։ Իհարկե, արտախորհրդարանական ընդդիմությունը կլինի շատ ավելի ծայրահեղական՝ ի դեմս Հանրապետականի։ Չեմ կարծում, որ Դաշնակցությունն այդ աստիճան ծայրահեղ կլինի, քան Հանրապետականը»,-ասաց Քոչարյանը։
Քոչարյանի կարծիքով՝ ստացվեց այն, ինչ գրեթե կանխատեսում էին բոլորը։ Այսինքն՝ քաղաքագետների այն կանխատեսումները, որ «Բարգավաճ Հայաստան»-ը կլինի երկրորդ տեղում, կանցնի նաև «Լուսավոր Հայաստան»-ը, այդպես էլ եղավ։
«Ես նշել էի որ, կարծում եմ՝ կանցնի նաև Հարապետականը, բայց չհերիքեց 0,2 տոկոս»,-ասաց Քոչարյանը։
Քաղտեխնոլոգը նշեց, որ այս ընտրությունների ընկալումը լեգիտիմ է։
Անդրադառանալով ռեյտինգային համակարգին, քաղտեխնոլոգը նշեց, որ ընդհանրապես պետք է վերացվի այդ համակարգը։
Դիտարկմանը, թե կլինեն արտախորհրդարանական ուժեր և ինչ զարգացումներ են սպասվում, Քոչարյանը պատասխանեց․ «Պարզ է, որ Դաշնակցությունը չի ցնդելու օդ, եղել է, կա, մնալու է, փորձելու է վերակազմակերպվել, հանրապետականները արդեն հայտարարել են, որ պայքարելու են, «Սասնա Ծռերը» նույնպես անպայման փորձեր կանի»։