Հայաստանի քաղաքական դաշտում կտրուկ փոփոխություններ արձանագրվեց օրեր առաջ` արտահերթ խորհրդարանական ընտրություններով, չնայած` իշխանափոխություն տեղի էր ունեցել դեռևս 7 ամիս առաջ: Այս ընտրություններում, բնականաբար, կանխատեսելի էր իշխանափոխություն իրականացրած ուժի` «Իմ քայլի» հաղթանակը, այլ է պատկերը ընդդիմություն համարվող ուժերի դեպքում, քանի որ արդեն իսկ կա մտավախություն, որ կլինի միաբևեռ խորհրդարան:

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ անսպասելի էր հիմնական ընդդիմադիր ուժ դիտարկվող ՀՀԿ-ի՝ անցողիկի շեմը չհաղթահարելը: «Բոլոր կանխատեսումներն ու սպասելիքները խոսում էին այն մասին, որ հիմնական մրցակիցները երկու ուժեր են` ՀՀԿ-ն և «Իմ քայլը» դաշինքը, բայց տեսանք, որ ընտրության արդյունքը չարտահայտեց  քաղաքական պրոցեսների տրամաբանությունը, որոնք առկա էին և' քարոզարշավի ընթացքի շրջանում, և' դրանից առաջ»,-ասաց Մելիք-Շահնազարյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե հասարակական տրամադրվածությունը կանխատեսելի էր դարձնում ՀՀԿ-ի՝ անցողիկի շեմը չանցնելը և անգամ շատերի համար անակնկալ էր նախկին իշխանավորների՝ այդքան ձայներ ստանալը, քաղաքագետը նկատեց. «Հասկանալի է, որ իշխանափոխություն է տեղի ունեցել, և պատճառը հենց ՀՀԿ-ի  քաղաքականությունից դժգոհությունն էր հասարակության շրջանում, սակայն հաշվի առնելով ՀՀԿ-ի նախկին իշխանական կուսակցություն լինելը, ունեին իրենց համար կանխատեսելի հեռանկարներ: Նրանք ունեցել են քաղաքական թիմ  և նրանց հարող քաղաքացիներ»,-նշեց քաղաքագետը և հավելեց, որ իր դիտարկմամբ` ՀՀԿ-ն պետք է 5 տոկոսից ավելին հավաքեր:

Ըստ Շահնազարյանի` նման ձախողումը ՀՀԿ-ի` ընտրություններին մասնակցության չափազանց ցածր ցուցանիշն էր. «Ընդհանուր հիասթափություն կար, սպասելիքներ չկային: Ես չեմ բացառում, որ հենց դրանով էր պայմանավորված, որ ընտրազանգվածը, որը կարող էր քվեարկել Հանրապետականի համար, պարզապես տանը մնաց և չգնաց ընտրատեղամաս»:

Քաղաքագետի կարծիքով՝ նոր խորհրդարանը, քաղաքական գործընթացների հակակշիռների առումով, բավականին թույլ է լինելու. «Ըստ էության, այնտեղ միանման քաղաքական ծրագրեր, միանման  տեսություններ են. դա այն չէ, ինչին սովոր էր հայ հասարակությունը, հայ քաղաքացիները: Կլինեն ավելի շատ բողոքի ցույցեր: Յուրաքանչյուր դժգոհություն արտահայտվելու է ոչ թե խորհրդարանում, այլ խորհրդարանից դուրս,  հնարավոր է՝ նոր թիմեր ձևավորվեն կամ հները նորից միանան, այսինքն՝ բնականոն պրոցեսների փուլ ենք մտնում, որը, հուսով եմ, նույնքան բնականոն հունով կանցնի, որովհետև հասկանում ենք՝ ներքին և արտաքին  սպառնալիքներն են մեծացել, հուսով ենք, որ դրանք չեն ազդի տեղական պրոցեսների բնական ընթացքի վրա»:

Ամփոփելով` քաղաքագետը հայտնեց, որ վստահ է` ՀՀԿ-ն լինելու է  արտախորհրդարանական ընդդիմություն. «ՀՀԿ-ն, ըստ էության,  չափազանց երկար է մնացել իշխանական կաբինետներում: Որպեսզի նրանք նորից վերադառնան և աջակցություն ստանան, պետք է աշխատեն  նաև այդ կաբինետներից դուրս: Եթե կարողանան դա անել, ուրեմն հաջողության կհասնեն»:

Արմինե Արմենակյան